Հայտնաբերվել են հունվարի 6-ին Երևանում քաղաքացուն վրաերթի ենթարկած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ն, այդ օրը Էրեբունի փողոցի թիվ 24 հասցեի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 51-ամյա Թերեզա Գրիգորյանին և նրան դեպքի վայրում թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի։
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել էր հիվանդանոց։
Էրեբունու ոստիկաններն ու ՃՏՀ քննության բաժնի քննիչները օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ Թ․ Գրիգորյանին վրաերթի է ենթարկել Երևանում հաշվառված 72-ամյա Դանիել Գալիմյանը, ով երեկ՝ հունվարի 7-ին, հայտնաբերվում է Երևանի Նոր Արեշ թաղամասում իր կողմից վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով, որով էլ հենց վրաերթի է ենթարկվել Թ․ Գրիգորյանը։
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։