Լոս Անջելեսի Pacific Palisades հեղինակավոր շրջանի ավելի քան 30 հազար բնակիչ ստիպված է եղել լքել բնակավայրը հրդեհի պատճառով։
Այս մասին հայտնում է NBC News-ը։
Հրդեհը բռնկվել է հունվարի 7-ի առավոտյան Խաղաղօվկիանոսյան Պալիսադեսում։ Կալիֆորնիայի անտառտնտեսության և հրդեհային պաշտպանության դեպարտամենտի տվյալներով՝ ընդամենը մի քանի ժամում կրակը տարածվել է 486 հեկտարի վրա։ Դրան նպաստել են երաշտը և ուժեղ քամիները։
Լոս Անջելեսում հրդեհի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։ Ճանապարհներին, այդ թվում՝ Սանսեթ Բուլվարում, առաջացել են խցանումներ։ Որոշ բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց մեքենաները։
Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ղեկավար Քրիստին Քրոուլին ասել է, որ ավելի քան 10,300 տուն և 13,200 շինություն վտանգված է տարածվող հրդեհի պատճառով:
Հրդեհը սպառնում է նաև Խաղաղօվկիանոսյան Պալիսադեսից արևմուտք գտնվող տարածքներին: Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Էրիկ Սքոթը կոչ է արել բնակիչներին պատրաստ լինել տարհանմանը: Նրա խոսքով՝ ուժեղ քամու պատճառով հրդեհը արագորեն տարածվում է։
PowerOutage.US-ի տվյալներով՝ Լոս Անջելեսի շրջանի գրեթե 17000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։
Լոս Անջելեսում ամիսներ շարունակ առանց տեղումների եղանակ է. օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ հուլիսի 1-ից քաղաքում ընդամենը 4 մմ տեղումներ են տեղացել։ Երեքշաբթի քամու պոռթկումները հասել են 50-ից 80 մղոն/ժ արագության (80-ից 130 կմ/ժ):