Կարևոր իրադարձություններ

Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը կանխվել է (տեսանյութ)

28 Դեկտեմբեր, 2024 15:50
Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը կանխվել է (տեսանյութ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում դեկտեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություն է ստացվել մաքսանենգ ճանապարհով Իրանից  մոտ 13 կգ  մարիխուանա Հայաստանով Վրաստան տեղափոխելու մասին: 

Տեղեկությունն անմիջապես փոխանցվել է քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ Նախաձեռնվել է  քրեական վարույթ։

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները համագործակցելով քննչական կոմիտերի և Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզական բաժնի գործընկերների հետ իրականացրել են ծավալուն աշխատանք։ Իջևան քաղաքում ձերբակալվել են

31-ամյա  և 29-ամյա երկու երիտասարդ և  վերջինի «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել բաժին։ Մեքենայում հայտնաբերվել է  սև գունի թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված  մարիխուանա տեսակի թմրամիջոցով 3 պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 4 կգ 460 գրամ, 4կգ 490 գրամ և 4կգ 655 գրամ: 

Պարզվել է, որ 31-ամյա երիտասարդը թմրամիջոցը պետք է փոխանցեր գնացքի մեքենավարի օգնական աշխատող 34-ամյա տղամարդուն, որը, նախնական պայմանավորվածության համաձայն, հերթական անգամ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով կտեղափոխեր Վրաստան:

Մեքենավարի օգնական  34-ամյա տղամարդը Ալավերդու Սանահին կայարանում նշված փաթեթները ստանալու պահին ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Նախաքննությամբ նաև պարզվել է, որ Իրանի քաղաքացու հետ թմրամիջոցը  Հայաստան, այնուհետև Վրաստան տեղափոխելու պայմանավորվածությունը ձեռք է բերել համացանցում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող հարթակներից մեկի օգտատերը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներով պարզվել են նշված հարթակը կառավարող անձանց ինքնությունները:

Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություններ են կատարվել 31-ամյա և 25-ամյա երիտասարների բնակության վայրերում։ Հայտնաբերվել է  302 փաթեթ, ընդհանուր՝ 632 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցով:

Ձեռնարկվում են միջոցառումներ Իրանից թմրամիջոցները ուղարկողի և նրան Հայաստանում օժանդակած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:

31, 34 և 25-ամյա չորս տղամարդիկ կալանավորվել են:

Կատարվում է նախաքննություն: 

 

Լրահոս

Դիտել ավելին