Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի մոտ, 21-րդ օրն է բողոքի ցույց է ընթանում:
Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խմբի փոխանցմամբ՝ այս պահին պողոտայում երթևեկությունը սահմանափակ է։
Այսօր քաղաքացիները երթ էին նախատեսել տարբեր վայրերից դեպի խորհրդարան, իսկ ժամը 20:00-ին բոլոր երթերը համախմբվեցին Ռուսթավելիում։
Մասնավորապես, եվրոպական հիմնադրամների նախկին կրթաթոշակառուները երթ են անցկացրել կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳՆ) նախարարությունից դեպի խորհրդարան։ Բազմազանության երթ է անցկացվել Առաջին Հանրապետության հրապարակից դեպի խորհրդարան, ԿԳՆ-ի մոտից երթ են անցկացրել ուսուցիչները` հանուն եվրոպական ապագայի։
Քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգում չի ներառի մինչև 2028 թվականը։