ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մանրամասներ է ներկայացրել վարչապետ Փաշինյանի՝ գլխավորությամբ Շիրակի մարզ այցից:
«Այցի շրջանակում երկրի ղեկավարը ծանոթացել է Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի Բայանդուր գյուղին մոտակա հատվածի ասֆալտապատման աշխատանքներին:
Ավտոճանապարհի 9.9կմ հատվածի միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման ծրագրի շրջանակում՝ 599 988 800 դրամ արժեքով։
Իրականացվել է աշխատանքների շուրջ 90%-ը։
Հաջորդիվ այցելել ենք Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ տեղի է ունեցել Շիրակի պետական համալսարանի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շիրակի մարզ այցի վերջին կանգառը եղել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանը:
Վարչապետը շրջայց է կատարել օդանավակայանի մեկնման նորակառույց սրահում: Երկրի ղեկավարին ներկայացվել են կատարված աշխատանքները և նշվել, որ արդեն իսկ շահագործվող նոր ժամանման և մեկնման սրահները հնարավորություն կունենան տարեկան սպասարկել մինչև 1.2 մլն ուղևոր:
Մեկնման սրահը զբաղեցնում է 1000 քմ տարածք՝ 2 նստեցման ելքերով, միաժամանակ 2 չվերթի սպասարկման հնարավորությամբ, սահմանապահ ծառայության 6 խցիկներով, ինչպես նաև 450 քմ տարածք՝ նախատեսված անմաքս խանութների և սրճարանների համար:
«Շիրակ» օդանավակայանում ընդհանուր ներդրումը կազմել է շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլար:
Ներդրումներն իրականացվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից»,- գրել է նա ֆեյսբուքյան էջում։