Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները

18 Դեկտեմբեր, 2024 19:13
Քննարկվել են միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները

Կորեան Հայաստանի առանցքային գործընկերներից է Արեւելյան Ասիայի տարածաշրջանում, եւ մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր հարաբերությունների հետագա զարգացմանը. ողջունելով Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) Զարգացման պաշտոնական աջակցության հետազոտության եւ կրթության կենտրոնի ղեկավար Պարկ Սունջինին։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:

Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին, որին մասնակցել է նաեւ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:

Ծովինար Վարդանյանն ընդգծել է Հայաստանի եւ Կորեայի միջեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության կարեւորությունը: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) աջակցությունը:

Որպես Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար՝ Ծովինար Վարդանյանն ընդգծել է երկու երկրների միջեւ խորհրդարանական ձեւաչափով ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային ոլորտներում ունի հսկայական չիրացված ներուժ, եւ համատեղ ջանքերով կարող են հասնել շոշափելի ու ազդեցիկ արդյունքների:

Պարկ Սունջինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ խոսքերի համար, նշել է, որ համատեղ աշխատելու եւ մի շարք ոլորտներում բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելու պատրաստակամություն կա:

Ծովինար Վարդանյանն ընդգծել է, որ հայկական կողմն առանձնահատուկ նշանակություն է տալիս Հայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը: Նրա խոսքով Երեւանում մշտական դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների եւ բոլոր հնարավոր ոլորտներում համագործակցության խորացման համար:

Թագուհի Ղազարյանը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագիծը՝ նշելով, որ այն իրականացնելու համար Հայաստանն անհրաժեշտություն կունենա համագործակցելու բարձրագույն կրթության ոլորտում որակյալ փորձ ունեցող գործընկերների հետ: Նրա խոսքով Կորեայի Հանրապետությունը կարող է լինել նման գործընկեր մեր երկրի համար:

Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջեւ համագործակցության հեռանկարների մասին: Ընդգծվել է, որ Կորեայի հարուստ փորձը կարող է արդյունավետ օրինակ դառնալ մի շարք ոլորտների զարգացման գործում:

 

Լրահոս

Դիտել ավելին