Կարևոր իրադարձություններ

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները հանցավորության ընդհանուր մասնաբաժնում մեծ տեղ են գրավում

18 Դեկտեմբեր, 2024 17:25
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները հանցավորության ընդհանուր մասնաբաժնում մեծ տեղ են գրավում

Ուղեցույց՝ քրեական նոր օրենսդրության կիրառման հետ կապված խնդիրները խորությամբ ընկալելու, լուծման հստակ ուղղություններ նախանշելու և իրականացնելու համար. ՆԳ նախարարը մասնակցել է գիտագործնական ձեռնարկի շնորհանդեսին:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի» ուղեցույցի շնորհանդեսին։

Հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից նախարար Սարգսյանը կարևորել է առանձին խումբ հանցագործությունների մասով գիտության և պրակտիկայի համատեղումը, ինչի արդյունքում՝ նաև նոր պրակտիկայի ձևավորումը։

Նա նշել է, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները հանցավորության ընդհանուր մասնաբաժնում մեծ տեղ են գրավում, և վիճակագրությունը ցույց է տալիս, որ ներկայումս այս մասով 0,3 տոկոս նվազում ունենք։ Հաշվի առնելով հանցատեսակի տարածվածությունը, հանրային անվտանգության դաշտում կարևորությունը՝ նախարարն ընդգծել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման հարցում մոտեցումների վերագնահատման, նոր լուծումների, նոր մեթոդների գործադրման անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով ուղեցույցի հայ փորձագետ-հեղինակներին և ուղեցույցի մշակման հարցում ցուցաբերած աջակցության համար ԱՄՆ դեսպանությանը՝ Արփինե Սարգսյանն արձանագրել է, որ այն իրավակիրառ մարմիններին թույլ կտա նորովի դիտարկել սեփականության դեմ ուղղված հանցագործությունները և պրակտիկայում ապահովել նոր լուծումներ, նոր մոտեցումներ, որոնք առավել կերաշխավորեն բացահայտումների աճը։ Նա նաև կարևորել է մի խումբ տարածված այլ հանցատեսակների մասով նմանատիպ ձեռնարկներ ունենալու անհրաժեշտությունը:

Ձեռնարկը թողարկվել է ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Հակակոռուպցիոն համապարփակ բարեփոխումների խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

 

Լրահոս

Դիտել ավելին