Կարևոր իրադարձություններ

Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք մշտապես բախվում են նման մարտահրավերների. Արարատ Միրզոյան (լուսանկարներ)

18 Դեկտեմբեր, 2024 16:12
Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք մշտապես բախվում են նման մարտահրավերների. Արարատ Միրզոյան (լուսանկարներ)

Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթից՝

«Հայաստանը հավատացած է, որ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը բացառիկ հարթակ է մշակութային երկխոսության և փոխըմբռնման ու հանդուրժողականության ամրապնդման ուղղությամբ համագործակցության համար։ Պատմության ընթացքում քաղաքակրթությունները ծառայել են որպես մարդկային ստեղծարարության, գիտելիքի և էթիկական սկզբունքների կարևոր աղբյուրներ՝ մշակութային հիշողության շտեմարաններ, որոնք շարունակում են ձևավորել մեր հավաքական ինքնությունը:

Այս հանդիպումն անցկացվում է մի ժամանակահատվածում, երբ բազմակողմ համակարգը և միջազգային իրավունքը բախվում են աննախադեպ մարտահրավերների։ Աշխարհը բախվում է անվտանգության շարունակական սպառնալիքներին, հակամարտությունների վերսկսմանը, ինչը զուգորդվում է մարդկային ահռելի տառապանքով, ինքնության վրա հիմնված ատելությամբ ու մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման կամ յուրացման կտրուկ աճով: Այսպիսի գործողությունները, որոնք հաճախ պայմանավորված են պատմությունը որպես գործիք օգտագործելու հանգամանքով և կեղծ խոսույթներով, ծառայում են նաև որպես գործիք տարածքային պահանջներն «արդարացնելու» և բաժանարար գծերը խորացնելու համար՝ խարխլելով միջազգային խաղաղության և անվտանգության հիմքերը։ Ցավոք, Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք մշտապես բախվում են նման մարտահրավերների։

Այս նպատակով Հայաստանը վճռականորեն աջակցում է բազմակողմ հաստատությունների, մասնագիտացված գործակալությունների և իրավական գործիքների ամրապնդմանը՝ մշակութային ժառանգությունն առավել արդյունավետ պաշտպանելու, ինչպես նաև խաղաղության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի մշակույթն առաջ մղելու համար:»

Նախարար Միրզոյանի բացման խոսքից հետո ելույթներով հանդես են մասնակից մյուս պետությունների ներկայացուցիչները: Կայացել է մտքերի փոխանակում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում հետագա համագործակցության հարցերի շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին