ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «ԴասA» ծրագրին 2024 թվականին մասնակցել են Երևանի 30 և մարզային 6 հանրակրթական դպրոցներ: Ստեղծագործական խումբն այցելել է Կոտայքի, Արարատի, Շիրակի մարզեր. հանդիպումներին մասնակցել են ավելի քան 11300 աշակերտներ, որոնք հնարավորություն են ունեցել ներկա լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15 համերգի։
Նախորդ տարիներին ծրագիրն իրականացվել է ավագ դպրոցներում, իսկ 2024 թ․-ից ծրագրում ներառվել են հիմնական և միջնակարգ դպրոցները՝ նպատակ ունենալով վաղ հասակից դպրոցականներին ծանոթացնել դասական երաժշտությանը, հանրահռչակել այն, ձևավորել մշակութապես կիրթ ունկնդիր։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ 2018 թվականից իրականացվող ծրագիրն ուղղված է մշակութային կրթության զարգացմանը` որպես առաջադեմ երիտասարդության ձևավորման նախապայման: Հիմնական նպատակը հասարակության տարբեր տարիքային խմբերի շրջանում դասական երաժշտության վերաբերյալ ավանդական կարծրատիպային ընկալումների վերափոխումն է՝ այն դարձնելով պահանջարկ ունեցող և նորարարական:
Ծրագրի շրջանակում նվագախմբի երաժիշտներն այցելում են հանրակրթական դպրոցներ և աշակերտների հետ հանդիպումների ընթացքում պատմում դասական երաժշտության մասին, ծանոթացնում նվագախմբի գործունեությանը, երաժշտական գործիքներին, դիրիժորի աշխատանքին։ Դասն ամփոփվում է ինտերակտիվ խաղերով, իսկ ամենաակտիվ մասնակիցները պարգևատրվում են հուշանվերներով։ Առավել առարկայական արդյունքներ գրանցելու և նվագախմբի աշխատանքը դպրոցականներին գործնականում տեսանելի դարձնելու համար երաժիշտ-դասվարները դպրոցականներին հրավիրում են յուրաքանչյուր դասին հաջորդող համերգին։
Բոլոր դասերը, այդ թվում` դպրոցականների այցերը, տեսանկարահանվում են, յուրաքանչյուր այցի մասին պատրաստվում է հոլովակ և հրապարակվում «ԴասA» կրթական ծրագրի սոցիալական հարթակներում։
Մինչ այս պահը կրթական ծրագրի ստեղծագործական թիմն այցելել է ավելի քան 170 դպրոց, ինտերակտիվ դասերին մասնակցել են շուրջ 52 հազար աշակերտներ։