ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող գործող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դեկտեմբերին առաջարկում է տոնական համերգների բազմաժանր ծրագիր:
‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում դեկտեմբերի 17-ին և 18-ին կկայանա «Շառլ Ազնավուր 100» հոբելյանական համերգը՝ ֆրանսիական DirectoProd ընկերության հետ համագործակցությամբ: Կհնչեն Ազնավուրի հայտնի և սիրված երգերը՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Համերգի մենակատարն է անվանի ֆրանսիացի երգիչ Ժյուլ Գրիզոնը, երգերի փոխադրումները սիմֆոնիկ նվագախմբի համար կատարել է վիրտուոզ երաժիշտ Նոբույուկի Նակաջիման: Համերգները ղեկավարելու է Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Նշյալ համերգը բարեգործական է. տոմսերի վաճառքից գոյացած հասույթը կուղղվի 2016 և 2020 թթ.-ի պատերազմների և դրանց հաջորդած մարտական գործողությունների մասնակից ուսանողների ուսման վճարների փոխհատուցմանը։ Նախագիծն իրականացվում է «4090» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Դեկտեմբերի 20, 21, 22, 23-ին՝ ժամը 16:00-ին և 19:00-ին, կներկայացվի Ամանորի խորհրդանիշը հանդիսացող Պ. Ի. Չայկովսկու «Շչելկունչիկը»: Հայտնի բալետն «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացվի նոր, շքեղ 3D անիմացիաներով և լուսային տպավորիչ լուծումներով՝ հանդիսատեսին հնարավորություն տալով դառնալ հեքիաթի մասնակիցը:
Դեկտեմբերի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կտիրի ջազային տրամադրություն: Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ համագործակցությամբ՝ հանդիսատեսին կներկայացվի CHRISTMAS JAZZ տոնական համերգը: Ամանորի և Սուրբ Ծննդյան ճանաչված և սիրված մեղեդիները կհնչեն ջազային մշակմամբ:
«Վիեննա-Գալա» տոնական շքեղ համերգով դեկտեմբերի 30-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կեզրափակի 2024 թվականը: Կհնչեն Յոհան Շտրաուսի հանրահայտ վալսերը՝ նրբագեղ պարահանդեսային պարերի ուղեկցությամբ: Համերգի դիրիժորն է՝ Էդուարդ Թոփչյանը: Մինչ համերգի սկիզբը՝ ժամը 18:00-ից, ճեմասրահում կլինեն պարահանդես և շամպայնի հյուրասիրություն: Խրախուսվում է համերգին ներկայանալ երեկոյան հագուստով: