Այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Երևանի քրեական ոստիկանության վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում, ժողովրդին ավելի շատ հայտնի «Սովետաշենի հեգեբուժարանում» սպանություն է տեղի ունեցել։
Մինչ դեպքի վայր կժամանեին քրեական ոստիկանները՝ Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ է ստացվում ոստիկանության Նուբարաշենի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից հիվանդանոց է տեղափոխել դանակահարված քաղաքացու, ով գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի վայրում քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը 37-ամյա Արման Թովմասյանն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը նախկինում դանակահարության համար եղել է դատապարտված, ում նկատմամբ դատարանի կողմից կայացվել է որոշում հարկադիր բուժման համար և նրան տեղափոխել էին «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոն, իսկ նրան այսօր դանակի 4 հարվածով սպանածը Երևանի բնակիչ 35-ամյա Հայկ Ազիզյանն է, ով ժամանակին քրեորեն պատժելի արարք կատարելու համար դատարանի որոշմամբ հարկադիր բուժում է ստացել «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոն։