Կարևոր իրադարձություններ

Ինչու է Ալեքսանդր Սոկուրովը հրաժարվել ԵԹԿՊԻ-ի մագիստրոսական կուրսը ղեկավարելուց. պարզաբանում

14 Սեպտեմբեր, 2024 20:42
Ինչու է Ալեքսանդր Սոկուրովը հրաժարվել ԵԹԿՊԻ-ի մագիստրոսական կուրսը ղեկավարելուց. պարզաբանում

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թիմը պարզաբանում է տարածել, որում ասվում է.

«Մեկ տարի շարունակ ԵԹԿՊԻ-ի ողջ կազմը՝ ռեկտոր Սառա Նալբանդյանի գլխավորությամբ, աշխատում էր հանրաճանաչ ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի մագիստրատուրայի արվեստանոցը բուհում բացելու ուղղությամբ։ Օգոստոսին կայացավ ընդունելության քննությունների երկրորդ փուլը, որն անցկացնելու համար Վարպետը ժամանեց Երևան։

Ըստ ռեժիսորի հետ նախնական պայմանավորվածության, դասերն անցկացվելու էին Հայաստանի կինոգործիչների միության փոքր դահլիճում։ Միությունը պատրաստակամ էր տրամադրել նաև դահլիճին հարող մեծ տարածքը, սակայն Ա. Սոկուրովը վերջին պահին հրաժարվեց՝ ցանկանալով, որ արվեստանոցը լինի բուհի տարածքում։

Բուհը 15-20 օրվա ընթացքում վերանորոգեց, կահավորեց և տեխնիկապես հագեցրեց հոսքային լսարաններից մեկը: Օրեցօր աճող այլ պահանջների հետ մեկտեղ կրկնապատկվեց նախագծի համար նախատեսված և դեռևս 2024 թ․ հունվարին հաստատված բյուջեն:

Մագիստրոսական ծրագրում ուսումնական պլանում փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ Վարպետի վերջին չնախատեսված պահանջներն անհամատեղելի էին ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքով սահմանված նորմերին։

Չնայած անակնկալ փոփոխություններին՝ մենք մինչև վերջին օրը փորձեցինք փրկել իրավիճակը՝ արագ արձագանքելով ռեժիսորի բոլոր պահանջներին: Սակայն Ա. Սոկուրովը հրաժարվեց մագիստրոսական կուրսը ղեկավարելուց։ Կարծում ենք՝ կուրսից հրաժարվելու իրական պատճառը ցույց կտա ժամանակը։

Ցավում ենք, որ արվեստանոց ընդունված երիտասարդները զրկվեցին մեծ հնարավորությունից:

Հավելենք, որ արվեստանոցի համար նախապատրաստված տարածքը վերափոխվում է մեդիագրադարանի և մոնտաժի սենյակի, ու շուտով մեր բուհի ուսանողները կկարողանան օգտվել այդ նոր տարածքից»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին