Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 2-ին այցելել է շինանյութերի ներմուծմամբ, արտադրությամբ և վաճառքով զբաղվող «ԻՄԷՔՍ գրուպ» ՍՊԸ։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։
Ընկերության ղեկավարության ուղեկցությամբ նախարարը նախ շրջել է Maverick արտադրամասում, որտեղ ավանդական փայտե լամինատի փոխարեն արտադրվում են ջրակայուն, էկոլոգիապես մաքուր spc (stone plastic composite) Maverick հատակներ։ Արտադրանքն այս պահին իրացվում է Հայաստանում, սակայն արդեն ունեն պատվերներ արտերկրից։
Այնուհետև նախարարը եղել է ընկերության ներկերի արտադրության Tintakol գործարանում, որտեղ իտալական տեխնոլոգիայով արտրադրվում են էկոլոգիապես մաքուր, եվրոպական ստանդարտներին համապատասխան ներկեր ներսի և դրսի աշխատանքների համար։
Գևորգ Պապոյանը շրջել է արտադրամասերով և ծանոթացել լամինատի և ներկերի արտադրական գործընթացին, ներդրված ժամանակակից սարքավորումներին։
Շրջայցի ընթացքում նախարարը ներկայացրել է պետական օժանդակության այն գործիքակազմը, որի միջացով ընկերությունը կարող է ընդլայնել իր գործունեությունը և վերազինվել նորագույն տեխնոլոգիաներով։