ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փաստահավաք առաքելության անդամներին՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչներ։
ԱԶԲ փաստահավաք առաքելության նպատակն է քննարկել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի 27կմ երկարությամբ հյուսիսային ենթահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցերի մանրամասները և նախապատրաստել ստորագրվելիք վարկային համաձայնագրի տեքստը։ Նշենք‚ որ ԱԶԲ-ն ՀՀ կառավարության հետ համաֆինանսավորելու է Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի կառուցումը։
Հանդիպման ընթացքում ամփոփվել են փաստահավաք առաքելության աշխատանքների արդյունքները։ Մասնավորապես‚ շեշտվել է‚ որ Հյուսիս-հարավը կարևորագույն ենթակառուցվածքային ծրագիր է։ Քննարկվել են ծրագրի իրագործման ընթացքում բանկի‚ ՀՀ կառավարության‚ իրականացնող մարմնի համագործակցության մեխանիզմները‚ ծրագիրն իրականացնող կազմակերպության կարողությունների զարգացման հարցը։
Հատուկ անդրադարձ է եղել նշված ճանապարհահատվածում կառուցվելիք կամուրջների և թունելների անվտանգության համակարգերին‚ դրանց ստանդարտներին‚ սպասարկման առանձնահատկություններին‚ և նշվել է‚ որ այդ հարցերում պետք է ներգրավվեն նորագույն մեթոդները։
Քննարկման մասնակիցներն արծարծել են նաև ծրագրի ֆինանսական‚ գնման գործընթացներին‚ շրջակա միջավայրի պահպանությանը‚ սոցիալական ազդեցություններին առնչվող հարցեր։