Կարևոր իրադարձություններ

Ծրագիրը միտված է նպաստավոր պայմաններ ապահովելու բոլոր երեխաների իրավունքների իրացման համար. Նարեկ Մկրտչյան

01 Օգոստոս, 2024 18:48
Ծրագիրը միտված է նպաստավոր պայմաններ ապահովելու բոլոր երեխաների իրավունքների իրացման համար. Նարեկ Մկրտչյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում օրենսդիր և գործադիր մարմինների, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող տարբեր շահագրգիռ կողմերի ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է Երեխայի իրավունքների պաշտպանության 2024-2029 թթ․ համալիր ծրագրի նախագիծը։

Ոլորտային քաղաքականության հիմքում կարևորելով երկարաժամկետ գործողությունների մշակումն ու իրականացումը՝ նախարար Մկրտչյանը կարևորել է այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն երեխայի լավագույն շահի ապահովմանը, նրանց տրամադրվող ծառայությունների մատչելիությանն ու հասցեականությանը, երեխայի կյանքի ու զարգացման իրավունքի իրացման համար անհրաժեշտ պայմանների հասանելիությանը և այլն։

«Նախորդիվ ներդրված ռազմավարական փաստաթղթերը կենտրոնացել են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց առնչվող խնդիրների լուծմանը, սակայն 2024-2029 թթ․ համալիր ծրագիրը միտված է նպաստավոր պայմաններ ապահովելու բոլոր երեխաների իրավունքների իրացման համար՝ ներառման, հավասարության և խտրականության բացառման սկզբունքների հիման վրա։ Ըստ այդմ, ծրագրով սահմանվում են 0-18 տարեկան բոլոր երեխաների իրավունքների պաշտպանության առանձնահատկությունները․ այն ուղղված է բոլոր երեխաների իրավունքների լիարժեք իրացման համար հավասար պայմանների ստեղծմանն ու նրանց ներուժի ներդաշնակ զարգացման ապահովմանը»,- նշել է նախարարը։

Նիստի ընթացքում ելույթ են ունեցել ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է Երեխայի իրավունքների պաշտպանության 2024-2029 թթ․ համալիր ծրագրի մշակման անհրաժեշտության, սկզբունքների, կառուցվածքի և տեսլականի մասին։ Նախարարի տեղակալը խոսել է նաև ծրագրով սահմանված նպատակների, ակնկալվող հիմնական փոփոխությունների տեսլականի և այլնի վերաբերյալ։

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են կարծիքներ ու առաջարկներ քննարկված թեմաների վերաբերյալ։  

Հիշեցնենք, որ համալիր ծրագիրը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ»-ի (UNICEF) համագործակցությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին