Կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ որոշման մեջ:
Որոշման ընդունման արդյունքում Ծրագրի շրջանակներում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին, լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում, կտրամադրվի բյուջետային երաշխիքներ ու հնարավորություն կտրվի ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ՝ ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացն ապահովելու նպատակով, իսկ պտուղբանջարեղենի մթերումներ իրականացնող վարկառուներին հնարավորություն կտրվի պտուղբանջարեղենի գնումներ կատարելու նպատակով տրամադրվող վարկերից բացի ներգրավելու լրացուցիչ վարկեր՝ մթերված պտուղբանջարեղենի վերամշակումից ստացվող պատրաստի արտադրանքի տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռքբերման համար։
Բացի այդ սառնարանային պահպանության և արտահանման գործունեություն իրականացնող կազմակերպություններին հնարավորություն կտրվի պտուղբանջարեղենի և խաղողի լրացուցիչ գնումներ կատարելու նպատակով մինչև հոկտեմբերի 1-ը կնքելու պայմանագրեր և ապահովելու դրանց արժեքի վճարումները։
Թեմայի առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասել է. «Այս սուբսիդավորումը մթերող կազմակերպություններին կատարվում է այն դեպքում և այն չափով, երբ նրանք գյուղացիական տնտեսություններից այս վարկային միջոցներով ձեռք են բերել տվյալ տարվա գյուղատնտեսական արտադրանքը, առավելապես՝ խաղողը։ Մենք, իհարկե, ունենք նաև վիճակագրություն և կարող ենք ասել, որ այս աջակցության շահառուները ներգրավված վարկային միջոցների 80 տոկոսից ավելին օգտագործում են խաղողի մթերումների ժամանակ։ Եվ կարևոր է, որ մենք այս որոշումը կայացնում ենք այս ամսվա ընթացքում՝ օգոստոսի սկզբին, որովհետև չնայած նրան, որ մթերումներն հիմնական ծավալով կմեկնարկեն սեպտեմբեր ամսվա ընթացքում, բայց տնտեսվարող սուբյեկտները կարող են այս կայացվող որոշման շրջանակում պլանավորել իրենց հարաբերությունները գյուղացիական տնտեսությունների հետ, նախապես կնքել այն պայմանագրերը, որով պետք է գյուղատնտեսական արտադրանքը մթերեն և դիմել կառավարության աջակցության համար»: