Կարևոր իրադարձություններ

Կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

30 Հուլիս, 2024 18:08
Կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

Տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխությունը, որը նպատակ ունի ճանաչելի դարձնել մեր երկրում կանանց ներդրումը և առաջնորդությունը կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականությանն ուղղված գործողություններում և լուծումներում։

Իրականացված ծրագրերի բաղադրիչով ներկայացվել էր շուրջ 70 հայտ բոլոր յոթ անվանակարգերով, և կլիմայի փոփոխությանն առնչվող խնդիրների լուծման ավելի քան 30 նոր գաղափարների հայտ։

Մրցանակաբաշխության ընթացքում յուրաքանչյուր անվանակարգում հայտարարվեց մեկ հաղթող մասնակից:

Մրցանակաբաշխությանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, շահագրգիռ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։

Իր ելույթում նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն անդրադարձել է կլիմայի փոփոխության հետանքով առաջացած մարտահրավերներին և այդ փոփոխությանը դիմակայելու գործում կանանց դերակատարությանը․

«Ինչպես գիտեք, Կլիմայի փոփոխությունը անհամաչափ ազդեցություն ունի կանանց վրա, հատկապես զարգացող երկրներում: Գերակշռող գենդերային դերերի և սոցիալական կարծրատիպերի պատճառով կանայք հաճախ ավելի մեծ պատասխանատվություն են կրում ընտանիքի համար սնունդ, ջուր և վառելիք ապահովելու համար: Եվ քանի որ այդ ռեսուրսներն ավելի ու ավելի քիչ են դառնում կլիմայի փոփոխության պատճառով, բեռը անհամաչափ է ընկնում կանանց վրա:

Այնուամենայնիվ, կանայք ոչ միայն կրում են կլիմայի փոփոխության հետևանքները, այլև առանցքային դեր են խաղում դրանց դեմ պայքարում: Կանայք հաճախ ավանդական գիտելիքների և գործելակերպի պահապաններն են, որոնք կարող են օգնել մեղմել կլիմայի փոփոխության 

ազդեցությունը: Կանայք ցուցաբերում են նորարարության և ձեռներեցության բարձր աստիճան բնապահպանական խնդիրների լուծումներ գտնելու հարցում։

Կարևոր է, որ կանայք լիովին ներգրավված լինեն կլիմայի փոփոխության վերաբերյալ որոշումների կայացման և քաղաքականության մշակման մեջ: Նրանց ձայնը, փորձը և գիտելիքները պետք է լինեն լսելի և հաշվի առնվեն կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության ռազմավարությունները կազմելիս։

Այս քաղաքականությունն է որդեգրել մեր Կառավարությունը. մի շարք ոլորտային ռազմավարական ծրագրերում, գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության, ջրային ռեսուրսների բնագավառների զարգացման ռազմավարություններում կարևորվել է կանանց դերակատարումը, նախատեսվել են կրթական և գենդերային առաջնահերթ միջոցառումներ»,-նշել է Արամ Մեյմարյանը։

Միջոցառման շրջանակում մրցանակներ են շնորհվել հետևյալ անվանակարգերում՝

«Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ» անվանակարգում առաջատար ճանաչվեց

Կարինե Գրքիկյանը, «ԴԻԼԻ» ՍՊԸ ֆինանսական տնօրենը

«Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ» անվանակարգում առաջատար ճանաչվեց

Ռուզաննա Առուստամյանը՝ Էյ–Թի–Փի բարեգործական հիմնադրամի ծրագրերի համակարգող – տնоրենը

«Կլիմայական համայնքային գործողություններ և քաղաքականություն» անվանակարգում առաջատար ճանաչվեցին Ալավերդու համայնքապետարանի զարգացման ծրագրերի և տուրիզմի բաժնի պետ Կարինե Սիմոնյանը և Վանաձորի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և ՏՏ բաժնի պետ Լիլյա Դավթյանը։

«Կլիմայական խնդիրների լուսաբանում» անվանակարգում առաջատար ճանաչվեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ լրագրող՝ Քրիստինե Տեր-Մաթևոսյանը իր նշանակալի դերով «Ազդակիր 

համայնքները և քաղաքացիական հասարակական կազմակերպությունները՝ Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականություններում սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակից» ծրագրում։

«Կլիմայական կրթությունը բոլորի համար» անվանակարգում առաջատար ճանաչվեց

Սյուզաննա Նազարյանը՝ Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2հ/դ տնօրենը

«Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ» անվանակարգում առաջատար ճանաչվեց

Տաթևիկ Մարգարյանը՝ Լիմիտլեսս ՍՊԸ hիմնադիրը և տնօրենը, ով հիմնադրել է նորագույն էլեկտրական մեքենաներով տաքսի ծառայություն` "Eco Taxi" անվանբ։

«Երիտասարդները կլիմայական գործողություններում» անվանակարգում առաջատար ճանաչվեց

Կենսաբանության ուսուցիչ Տաթևիկ Դովմալյանը՝ կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած տարերային աղետների, մասնավորապես՝ սողանքների լուծումներով և գործողություններով։

Տեղի ունեցավ նաև գաղափարների մրցույթ, որտեղ առաջատար գաղափարը առաջարկվել էր Աջակցություն կանանց և երեխաներին" ՀԿ նախագահ Մանուշ Հովնանյանի կողմից։

Մրցանակաբաշխության ընթացքում ստացված բոլոր ծրագրերը և լուծումները կընդգրկվեն և կհրապարակվեն էլեկտրոնային գրքույկում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին