Կարևոր իրադարձություններ

Մեծ անակնկալ էր իմանալ՝ իտալացի նման հայտնի հեղինակների գործեր են պահվում Ազգային պատկերասրահում. Հակոբ Արշակյան

24 Հուլիս, 2024 20:25
Մեծ անակնկալ էր իմանալ՝ իտալացի նման հայտնի հեղինակների գործեր են պահվում Ազգային պատկերասրահում. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ հուլիսի 24-ին Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» խորագրով ցուցահանդես: Այն նվիրված է Իտալիայի ազգային տոնին՝ Հանրապետության հռչակմանը:Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

ԱԺ փոխնախագահն ու դեսպանը դիտել են ցուցադրությունում ներկայացված 14-20-րդ դարերով թվագրվող գեղանկարչական կտավներ, գծանկարներ ու փորագրություններ, քանդակի ու դեկորատիվ-կիրառական արվեստի ինքնատիպ գործեր: Ներկայացված են աշխարհահռչակ այնպիսի արվեստագետների ստեղծագործություններ, ինչպիսիք են Տինտորետտոն ու Ռիչչին, Գվերչինոն ու Ստրոցցին, Գվարդին, Կանալետտոն, քանդակագործներ Դոնատելլոն ու Կանովան, գծանկարի ու փորագրանկարչության վարպետներ Ֆարինատին ու Պիրանեզին, Կամբիազոն ու Պաննինին:

«Ինձ համար մեծ անակնկալ էր իմանալ, որ իտալացի նման հայտնի հեղինակների գեղեցիկ և ինքնատիպ գործեր են պահվում Ազգային պատկերասրահում: Սա մի հատված է, որն ավելի շատ ցուցադրելու կարիք ունի: Երախտագիտություն եմ հայտնում Իտալիայի դեսպանին նման նախաձեռնությամբ հանդես գալու, ինչպես նաև պատկերասրահի անձնակազմին` ցուցադրությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հույս ունեմ, որ նման նախաձեռնությունները շարունակական կլինեն, և դեռ առիթներ կունենանք նմանատիպ ցուցադրություններ այցելելու»,- նշել է Հակոբ Արշակյանը:

Ցուցահանդեսը բացվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանում Իտալիայի դեսպանության համագործակցությամբ:

ԱԺ փոխնախագահն ու մեր երկրում Իտալիայի դեսպանը դիտել են նաև Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացված հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին