Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացնում է անցնող աշխատանքային շաբաթը նախարարության կառույցներում։
Արգելոցապարկային համալիրում
Հակահրդեհային միջոցառումների շրջանակում «Որդան կարմիր» պետական արգելավայրում իրականացվել են հանքայնացման աշխատանքներ։
Դաշտային աշխատանքների շրջանակում «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրում իրականացվել է ֆլորայի ուսումնասիություն։
«Ջրվեժ» անտառպարկում շարունակվում են ճանապարհների լուսավորման աշխատանքները: Անտառպարկի որոշ հատվածներում տեղադրվել են էլեկտրասյուներ:
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում
Պահպանվող տարածքներին հարակից Մեղրի և Ագարակ համայնքների պատանիների համար «Արևիք» մասնաճյուղի տնօրեն Արթուր Սամվելյանը կազմակերպել է գիտաճանաչողական արշավ «Բողաքար» արգելավայրում։ Երիտասարդները քայլարշավել են դեպի Բողաքարի ջրվեժ, նրանց ներկայացվել է արգելավայրի բուսական և կենդանական աշխարհը, ցուցադրվել մասնաճյուղի տարածքում վերջերս արձանագրված ընձառյուծների տեսանյութերը, պատմվել դրանց կենսամիջավայրի առանձնահատկությունների, կենսակերպի մասին։ Միջոցառումը համատեղվել է շաբաթօրյակով։
«Դիլիջան» ազգային պարկում
Հյուրընկալվել են Դիլիջանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները: «Դիլիջան»-ի գիտական բաժնի աշխատակիցները սաներին ներկայացրել են ազգային պարկը, նրա կենսաբազմազանությունը, ՀՀ բույսերի և կենդանիների կարմիրգրքային տեսակները։ Միջոցառումն ամփոփվել է թումոյականների «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն» այցելությամբ։
Հայաստանի բնության պետական թանգարանում
Ցուցանմուշների ախտահանման և մաքրման աշխատանքներ են իրականացվել: