Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզպետին է ներկայացվել աղետի գոտում կատարվող աշխատանքների ընթացքը

20 Հուլիս, 2024 17:39
Լոռու մարզպետին է ներկայացվել աղետի գոտում կատարվող աշխատանքների ընթացքը

Հուլիսի 20-ին Ալավերդու համայնքապետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն,որի ընթացքում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի մասնակցությամբ քննարկվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքների ընթացքը։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից։

Ներկա են եղել մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի, Ալավերդու համայնքապետարանի, պատասխանատու այլ կառույցների ներկայացուցիչներ:

 «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ տնօրեն Մուկուչ Տիտանյանը մարզի ղեկավարին է ներկայացրել Մ6 միջպետական ճանապարհի, ինչպես նաև մարզային ենթակայության ճանապարհների՝ աղետի հետևանքով վնասված հատվածների վերականգնման  աշխատանքների ընթացքը: Նա տեղեկացրել է, որ Մ 6 միջպետական ճանապարհի վնասված 28 հատվածներից 27-ում ավարտվել է հողի լիցքի տեղադրումը և մեկնարկել են խճապատման աշխատանքները, որոնք կշարունակվեն շուրջ 3 օր: Ավարտից հետո, շուրջ տասը օր անց կիրականացվի ասֆալտապատում:

Ճանապարհի միայն մեկ հատվածում աշխատանքները հետաձգվել են ջրատար խողովակի մակերեսային տեղակայման պատճառով: Առաջիկայում լուծում կստանա  նաև այդ խնդիրը։ Մարզային ենթակայության ճանապարհների վնասված ճանապարհահատվածներից Շնող-Թեղուտ հատվածում ավարտվել է լիցքը, այն երկկողմանի երթևեկելի է:

Ախթալայի կամրջից մինչև Ախթալայի երկաթուղային գծանց ընկած հատվածում ևս իրականացվում է լիցք. աշխատանքները կավարտվեն հաջորդ շաբաթվա ընթացքում:Ներհամայնքային ճանապարհների վնասված հատվածներում ևս աշխատանքները մեկնարկել են: Ա.Ղազարյանը հանձնարարել է աշխատանքներում առավել օպերատիվություն ցուցաբերել՝ օր առաջ դրանք ավարտին հասցնելու նպատակով: 

Մարզպետին է ներկայացվել նաև հեղեղված բնակավայրերի բնակիչներին աղետի օրերին և դրան հաջորդած ժամանակահատվածում տրամադրված պարենային աջակցության և հագուստի բաշխման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:

Քննարկվել են իրականացված աշխատանքների ֆինանսավորման հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության համապատասախան որոշմամբ աղետից տուժած բնակիչներին փոխհատուցման տրամադրման մեխանիզմը։ Ընդգծվել է ընթացիկ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու անհրաժեշտությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին