Նիստի ընթացքում քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը, ներկայացվել են նախագծի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները, խնդրահարույց դիտարկվող դրույթները։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է այս նախագծի ընդունումը՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների պատշաճ պաշտպանության և խթանման տեսանկյունից։
«Այս օրենքը պետք է ոչ թե հռչակագրային բնույթ ունենա, այլ իրական հնարավորություններ սահմանի ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց համար։ Շատ կարևոր է նկատի ունենալ, որ այս օրենքի ընդունումը հնարավորություն է տալիս հստակ ընդգծել պետության պարտավորությունը, քանի որ ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված պետությունն ունի կոնկրետ պոզիտիվ պարտավորություններ, այդ թվում՝ երաշխավորելու և նպաստելու վերջիններիս մշակույթի, կրոնի, լեզվի, ավանդույթների պահպանմանը և այլն»,- ասել է Պաշտպանը։
Հանդիպման ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ։
Միջոցառման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար՝ ընդգծելով, որ բարձրացված խնդիրերը կամփոփվեն և կներկայացվեն իրավասու մարմիններին։