Կարևոր իրադարձություններ

Չորս տարվա ընթացքում առաջին անգամ Արարատյան դաշտում նկատվել է սպիտակ արագիլների աղտոտվածության նվազում

19 Հուլիս, 2024 21:46
Չորս տարվա ընթացքում առաջին անգամ Արարատյան դաշտում նկատվել է սպիտակ արագիլների աղտոտվածության նվազում

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող հետազոտությունները ցույց են տալիս, որ 2020-2024 թթ. ընթացքում առաջին անգամ նկատվել է սպիտակ արագիլների աղտոտվածության նվազում Արարատյան դաշտում: Չնայած դրան՝ խնդիրը շարունակում է մնալ արդիական: Այս մասին հայտնում են Գերմանիայի բնության պահպանության միությունից։

2024 թվականին Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզեր) սպիտակ արագիլների աղտոտվածությունը, ըստ բների, կազմում է 42,5 % (15,6 % նվազում՝ 2023 թվականի համեմատ),  մասնավորապես՝

Արարատի մարզում սպիտակ արագիլների աղտոտվածությունը, ըստ բների, կազմում է 56,7 % (9,1 % նվազում՝ 2023 թվականի համեմատ):

Արմավիրի մարզում՝ 30,6% (21,3 % նվազում՝ 2023 թվականի համեմատ):

Աղտոտվածության արեալն Արարատյան դաշտում, ընդհանուր առմամբ, նվազել է 1 %-ով:

Նկատվում է նաև մեկ առանձնյակի վրա աղտոտման ինտենսիվության նվազում՝ «շատ աղտոտված»-ից դեպի «թույլ աղտոտված», սակայն դեռևս առկա են բավականին մեծ քանակությամբ «շատ աղտոտված» առանձնյակներ:

2024 թվականի հաշվառման ընթացքում պարզ դարձավ, որ աղտոտման խնդիրը մասամբ ներառում է նաև Երևանը, Արագածոտնի և Կոտայքի մարզերը:

Աղտոտման նվազումը կարող է պայմանավորված լինել մի շարք բնական և մարդածին հանգամանքներով, որոնք ավելի հստակ հնարավոր կլինի ցույց տալ վերլուծության ավարտից հետո:

Հիշեցնենք, որ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը 2020 թվականից մեկնարկել է «Սպիտակ արագիլների ուսումնասիրության և պահպանության» ծրագիրը՝ պայմանավորված սպիտակ

արագիլների շրջանում աղտոտվածության հիմնախնդրով։

Աշխատանքների շրջանակներում իրականացվել է Արարատյան դաշտում (Արմավիրի և Արարատի մարզեր) թռչնատեսակի հաշվառում, աղտոտածության աստիճանի և արեալի բացահայտում, ինչպես նաև օղակավորման, նմուշառման և արբանյակային տվիչների տեղադրման աշխատանքներ։

Աշխատանքներն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի հետ համագործակցությամբ։

Հարկ է նշել նաև, որ 2024 թվականը սպիտակ արագիլների միջազգային հաշվառման տարին է, որը կոորդինացնում է Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU)։ Միության հայաստանյան մասնաճյուղը, միանալով հաշվառմանը, այս տարի իրականացրեց սպիտակ արագիլի հաշվառում ողջ Հայաստանում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին