Վայոց ձորի բնակավայրեր արջերի հաճախակի այցերի պատճառ կարող է լինել նաև ոչ պատշաճ աղբահանությունը։ Այս տեսանյութը նկարահանել են FPWC թակարդ-տեսախցիկները Շատինում։ Այստեղ աչքի ընկնող աղբը հիմնավորում է վերոնշյալ պնդումը։
Կարևոր է գիտակցել, որ վայրի կենդանիների վարքը սերտորեն կապված է մարդկային գործոնների հետ։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հիշեցնում է՝ բնակիչների ցածր իրազեկվածության մակարդակը ևս խանգարում է խնդրի երկարաժամկետ և կայուն կարգավորմանը։ Այս վայրի կենդանիների հաճախակի այցելությունները բնակավայրեր պայմանավորված են մի շարք գործոններով, ներառյալ կենդանիների սննդի և բնամիջավայրի կրճատումը։ Կլիմայական փոփոխությունները էլ ավելի են բարդացնում իրավիճակը։
FPWC-ն շարունակաբար աշխատում է խնդրի կարգավորման ուղղությամբ՝ կիրառելով ինչպես արդեն հայտնի, այնպես էլ՝ նորարարական լուծումներ։ Այդ նպատակով FPWC-ն իրականացնում է գորշ արջերի արհեստական կերակրման ծրագիր՝ նվազեցնելու արջերի այցելությունները բնակավայրեր։ Ծրագիրն իրականացվում է Bears in Mind կազմակերպության աջակցությամբ։ Ակտիվորեն իրականացվում են նաև արդեն «ավանդական» դարձած մոտեցումներ, ինչպիսին օրինակ՝ էլեկտրական հովիվների ծրագիրն է։ Դրանք բարձր լարումով, սակայն ցածր ամպերաժով ցանկապատներ են, որոնցից կենդանիները չեն վնասվում, բայց խուսափում են մոտենալ:
Համագործակցելով Viva-ի հետ FPWC-ին հաջողվել է տարիների ընթացքում շատացնել պաշտպանված տնտեսությունների թիվը մարզում։ Դեռևս 2019թ.-ին կազմակերպությունները 10 էլեկտրական հովիվ են նվիրել Վայոց ձորի 5 համայնքների, 2022-2023թթ. ընթացքում ավելացել են ևս 20-ը՝ հասցնելով ընդհանուր թիվը 30-ի։