Կարևոր իրադարձություններ

Հունաստանում ՀՀ դեսպանն անդրադարձել է Խաղաղության խաչմերուկի հայեցակարգին

18 Հուլիս, 2024 23:19
Հունաստանում ՀՀ դեսպանն անդրադարձել է Խաղաղության խաչմերուկի հայեցակարգին

Սալոնիկ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի նորարական գոտու (Thessaloniki Innovation Zone) տնօրենների խորհրդի նախագահ պրոֆեսոր Պանայոտիս Կետիկիդիսի հետ։ Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը դեսպան Մկրտչյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ունեցած վերջին ձեռքբերումները, ընդգծել դրա` որպես երկրի համար ռազմավարական կարևորագույն ուղղության նշանակությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է թվայնացման էական դերը կրթության, տնտեսության գործունեության և կառավարման արդյունավետության բարձրացման գործում։

Պրոֆեսոր Կետիկիդիսը նշել է, որ տարբեր առիթներով հնարավորություն է ունեցել այցելելու Հայաստան և կարող է հաստատել բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկրի արձանագրած մեծ առաջընթացը։ Նա նաև ներկայացրել է Սալոնիկը որպես տեխնոլոգիական գոտի վերածելու իր կազմակերպության հայեցակարգը` պատրաստակամություն հայտնելով հայկական ընկերությունների հետ համագործակցել տեղական, համազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում կապերի հաստատման և փորձի փոխանակման հարցերում։

Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է Խաղաղության խաչմերուկի հայեցակարգին և խոսել տարածաշրջանի զարգացման հեռանկարում դրա կարևորության մասին։

Հանդիպմանը մասնակցում էր Սալոնիկում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին