Հայաստանը պատրաստ է ընդունել «Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթը» (ICPC), որը բացառիկ հնարավորություններ է առաջարկում մեր մոլորակի երիտասարդ ծրագրավորողներին՝ ցուցադրելու իրենց հմտությունները և զարգանալու միջազգային մակարդակում։
Հուլիսի 17-ին նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ICPC հիմնադրամի նախագահ Բիլ Փաուչերի գլխավորած պատվիրակությանը:
Բիլ Փաուչերը ներկայացրել է ICPC-ի առաքելությունը՝ նշելով, որ սա յուրատեսակ օլիմպիական խաղեր են ուսանողների և ասպիրանտների համար: Հանդիպմանը կարևորվել է Հայաստանի համալսարանների և ICPC-ին առընթեր հաստատությունների միջև համատեղ հետազոտական ծրագրերի իրականացումը:
ԲՏԱ նախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել՝ ICPC-ի մրցույթը Հայաստանում անցկացնելու։ Այս նախաձեռնությունը մեծ պատիվ է Հայաստանի համար և հրաշալի հնարավորություն երիտասարդ հայ ծրագրավորողների համար՝ մասնակցելու միջազգային մրցույթին հենց իրենց երկրում։
ICPC-ն ալգորիթմական ծրագրավորման մրցույթ է։ Թիմերը մրցում են խնդիրների լուծման արագության, ստեղծագործական ունակությունների և նորարարության ուղղություններով: Թիմերը մրցում են տարածաշրջանային մակարդակով՝ աշխարհի եզրափակչի ուղեգիր նվաճելու համար։ Հաղթողները պայքարելու են աշխարհի չեմպիոնի կոչման համար։
Ծրագրի հնարավորություններն են՝
Միջազգային ճանաչում. Հայաստանը կդառնա միջազգային տեխնոլոգիական կենտրոն։
Համագործակցություն. համատեղ հետազոտական ծրագրերի հնարավորություն։
Նորարարություն. նոր հետազոտական լաբորատորիաների ստեղծում։
Կրթական առաջընթաց. Տեխնոլոգիական կրթության զարգացման խթանում։
Երիտասարդների զարգացում. Երիտասարդ ծրագրավորողների մասնակցություն միջազգային մակարդակի մրցույթին։
Այս բոլոր ջանքերը նպաստում են Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին, ստեղծում նոր հնարավորություններ երիտասարդների համար և խթանում միջազգային համագործակցությունը գիտության և կրթության ոլորտներում։