ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր այցելել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակ, ծանոթացել 2023 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներին և առաջիկա ծրագրերին:
Գրասենյակ այցին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:
Այցի շրջանակում «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի ղեկավար Սոնա Հարությունյանը ներկայացրել է կատարված հիմնական աշխատանքները:
Ծրագրի համակարգող Անի Հովսեփյանը ներկայացրել է գրասենյակի աշխատանքներն՝ ըստ ուղղությունների և ձեռք բերված արդյունքների։
Նշվել է, որ 2023 թվականից 2024 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում վերաթողարկվել է www.creativeeurope.am կայքէջը, ստեղծվել են էջեր սոցիալական հարթակներում՝ Facebook, Instagram, LinkedIn: Ավելի քան 80 կազմակերպության և անհատ ստեղծագործողների հետ տեղի են ունեցել անհատական հանդիպումներ, ստեղծվել է պարբերաբար թարմացվող տեղեկատվական բազա (թանգարաններ, փառատոներ, թատրոններ, գրադարաններ, հրատարակիչներ, արվեստի գործիչներ և այլն)։
Նշյալ ժամանակահատվածում մոտ 10 հայտադիմում է ներկայացվել ԵՄ «Մշակույթ» բաժնի համագործակցության միջին և մեծ նախագծերին, «Culture moves Europe» անհատական շարժունակության ծրագրով ներկայացվել է 30 խմբային և անհատական հայտ։ Մասնակցություն է ապահովվել նաև Եվրոպական փառատոների ասոցիացիաների դրամաշնորհին՝ ներկայացնելով 3-ից ավելի հայտ: Հայաստանից հաղթել է «Երևան մյուզիք ուիք» նախագիծը։ Ամփոփվել են նաև 2024 թվականի Perform Europe ծրագրի արդյունքները: Կատարողական արվեստի 42 գործընկերության շուրջ 2,1 միլիոն եվրոյի աջակցություն կտրվի՝ տարատեսակ ծրագրեր իրագործելու և «Ստեղծագործ Եվրոպայի» երկրներում կատարողական արվեստի գործերի տարածման նպատակով:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին կատարած աշխատանքի և գործադրած ջանքերի համար: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակությանն՝ ի դեմս դեսպան Վասիլիս Մարագոսի, արդյունավետ համագործակցության համար, որի շնորհիվ եվրոպական ամենատարբեր հարթակներում ապահովվում է Հայաստանի մասնակցությունը: