Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա իմիջային փիառ» անվանակարգում հաղթող է ճանաչվել 2023 թ. ապրիլին Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցանակը ստացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
«Տարվա իմիջային փիառ» մրցանակը շնորհվում է այն միջոցառումներին, որոնք նպաստում են երկրի հանրահռչակմանը, պետության միջազգային վարկանիշի բարելավմանը:
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել, որ բացառիկ բարձր մակարդակով անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը փոխել է Հայաստանի սպորտային իմիջը:
«Հայաստանն աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցող երկիր էր, իսկ այսօր արդեն՝ նմանօրինակ առաջնություններ կազմակերպող: Միայն այս առաջնությանը տարբեր հարթակներով հետևել է մի քանի միլիոն մարդ: Միջազգային ֆեդերացիայի նախագահն առաջնությունից հետո հայտարարեց, որ Հայաստանը նոր նշաձող է սահմանել ծանրամարտի աշխարհում, և նաև դրա շնորհիվ ՀՀ-ին վստահվեց 2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնության անցկացումը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Կարեն Գիլոյանը ներկայացրել է առաջիկա տարիներին Հայաստանում սպասվելիք մարզական միջոցառումները և վստահեցրել, որ դրանք ևս անցկացվելու են ամենաբարձր մակարդակով:
Հիշեցնենք՝ Երևանում 2023 թ. ապրիլին անցկացված ծանրամարտի Եվրոպայի 101֊րդ առաջնությանը մասնակցել է եվրոպական 40 երկրի 380 մարզիկ: Խաղարկվել է մեդալների 20 հավաքածու՝ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում: Հայ ծանրորդները պոկում, հրում վարժություններում և երկամարտում ընդհանուր առմամբ նվաճել են 36 մեդալ, որից 12-ը՝ ոսկե, 11-ը՝ արծաթե և 13-ը՝ բրոնզե:
Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա PR տեխնոլոգիա» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը, որն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ։
Հավելենք, որ PR մրցանակաբաշխությունը կազմակերպում է «Հայկական Փի Ար ասոցիացիան»: Կազմակերպության նախագահ Աստղիկ Ավետիսյանի խոսքով՝ մրցանակաբաշխության նպատակն է արձանագրել հանրային կապերի ոլորտի ձեռքբերումները, հնարավորինս զարգացնել և հանրայնացնել Հայաստանում գրագետ հաղորդակցության մշակույթի կարևորությունը: