Կարևոր իրադարձություններ

Հավի մսում և հավի կոտլետում փորձաքննությամբ հայտնաբերվել են անհամապատասխանություններ

16 Հուլիս, 2024 15:33
Հավի մսում և հավի կոտլետում փորձաքննությամբ հայտնաբերվել են անհամապատասխանություններ

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հուլիսի 6-ին արձանագրված թունավորման դեպքին արագ արձագանքել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ իր իրավասությունների շրջանակում կատարելով անհրաժեշտ միջոցառումներ: Մասնավորապես՝ նույն օրը Գորիս քաղաքի խանութներից մեկից և Շինուհայր գյուղի խանութից կատարվել են նմուշառումներ այն մթերքներից, որոնք գնել և օգտագործել էին «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամները:

Ըստ այդմ՝ լաբորատոր հետազոտության են հանձնվել ռուսական արտադրության սառեցված հավի սրունք, հավի մսով կոտլետ, կրակովսկի տեսակի երշիկ և ռուսական արտադրության ցորենի ալյուր սննդատեսակները:

Համաձայն փորձաքննության արդյունքների՝ բրոյլեր տեսակի սառեցված հավի սրունքի նմուշում հայտնաբերվել են ախտածին ա/թ սալմոնելաներ (արտադրող և մատակարար՝ «ՍՊԿ Կուրնիկով» ՍՊԸ, Սարատովի թռչնակոմբինատ, արտադրված 10.04.2024թ, պիտանիության ժամկետը՝ 10.01.2025թ.), իսկ «Հոմ ֆուդ» ապրանքանիշի հավի մսով կոտլետը ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին (արտադրող՝ Ա/Ձ Սամսոն Ավագյան, Սյունիքի մարզ, արտադրված 25.05.2024թ, պիտանիության ժամկետը 120 օր):

Լաբորատոր փորձաքննության արդյունքները կտրամադրվեն նախաքննական մարմնին:

Տեսչական մարմինը հետագծելիությամբ կիրականացնի վերահսկաողական միջոցառումներ: Արդյունքները կհրապարակվեն:

 

Լրահոս

Դիտել ավելին