Կարևոր իրադարձություններ

Անկախ բոլոր մարտահրավերներից, Հայաստանը հավատարիմ մնաց կայուն զարգացման նպատակների խոստմանը. Միրզոյան (լուսանկարներ)

16 Հուլիս, 2024 11:47
Անկախ բոլոր մարտահրավերներից, Հայաստանը հավատարիմ մնաց կայուն զարգացման նպատակների խոստմանը. Միրզոյան (լուսանկարներ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածին:

Նախարար Միրզոյանն իր ելույթում ընդգծել է.

«Ինչպես ընդգծել է Գլխավոր քարտուղարն իր վերջին զեկույցում, բազմաթիվ համընկնող ճգնաժամերը բացասաբար են ազդել կայուն զարգացման նպատակների իրականացման գլոբալ առաջընթացի վրա՝ բարձրացնելով աղքատության մեջ հայտնված մարդկանց թիվը, թուլացնելով պարենային անվտանգությունը, մեծացնելով անհավասարությունը և ընդլայնելով գենդերային խզումը՝ խոցելի խմբերի վրա հատուկ ազդեցությամբ: Ուժի կիրառումը, մարդու իրավունքների կոպիտ խախտումները և էթնիկ զտումները շարունակում են ձևավորել միջազգային հարաբերությունները։

Հայաստանն այն երկրների թվում էր, որոնք վերջին չորս տարիների ընթացքում ստիպված էին դիմակայել բազմաթիվ ճգնաժամերի: Մինչ մենք փորձում էինք մյուս երկրների նման հաղթահարել համաշխարհային համաճարակը, դրան զուգահեռ լայնածավալ պատերազմը, ագրեսիան Հայաստանի դեմ, Լեռնային Ղարաբաղում շրջափակման և էթնիկ զտումների արդյունքում շուրջ 115.000 հայերի ներհոսքը ՀՀ կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ մեր գործադրած ջանքերը լուրջ վտանգի տակ դրեցին: Այնուամենայնիվ, անկախ բոլոր մարտահրավերներից, Հայաստանը հավատարիմ մնաց կայուն զարգացման նպատակների խոստմանը և իր ժողովրդի համար իրական փոփոխությունների կյանքի կոչմանը՝ կառուցելով ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, պաշտպանելով մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, նպաստելով սոցիալական ներառականությանը, գենդերային հավասարությանը և երիտասարդության հնարավորությունների խթանմանը: Մարդը կենտրոնական դեր է խաղում մեր Կառավարության՝ 2030թ. օրակարգի իրականացման ջանքերում»:

 

Լրահոս

Դիտել ավելին