Հուլիսի 8-ին ավարտվեց 50 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչի եռամսյա ժամկետը։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:
Հարկադիր կատարման փուլում չգտնվող պարտավորությունների մասով՝ 50 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվել է 109 009 քաղաքացի․ 310 794 տուգանքի որոշումներով պետական բյուջե է մուտքագրվել 1 320 920 870 դրամ:
Ինչ վերաբերում է հարկադիր կատարման փուլում գտնվող պարտավորություններին, ապա բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում կարճված 213 188 կատարողական վարույթով բռնագանձվել է 871 553 540 դրամ:
«Քաղաքացիները շարունակում են ակտիվորեն օգտվել ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող 20 և 30 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչներից։
Արդեն 129 065 քաղաքացի 30 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում 207 810 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունները. պետական բյուջե մուտքագրվել է 1 206 295 487 դրամ:
Իսկ Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու միջոցով 41 069 քաղաքացի օգտվում է տուգանքը 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից։
Հարգելի՛ քաղաքացիներ, շարունակեք օգտագործել թվային լուծումները՝ տուգանքը 20 տոկոսով նվազեցնելու համար»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում: