Կարևոր իրադարձություններ

28-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նախկին կնոջն ու նրա քրոջը. ՔԿ

12 Հուլիս, 2024 20:31
28-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նախկին կնոջն ու նրա քրոջը. ՔԿ

Ավարտվել է 28-ամյա երիտասարդի կողմից նախկին կնոջ և վերջինիս քրոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու, ինչպես նաև սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում է Քննչական կոմիտեն։ 

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 28-ամյա երիտասարդը, նախկին կնոջ, վերջինիս քրոջ և մոր հետ գտնվելով լարված, անձնական անբարյացկամ միջանձնային փոխհարաբերությունների մեջ, չի վճարել նախկին կնոջ մոր անվամբ վարկային պայմանագրով ձեռք բերված «Մազդա 3» մակնիշի ավտոմեքենայի շահագործման հետ կապված վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքները՝ պայմանավորվածության համաձայն, ունենալով ավտոմեքենան շահագործելու իրավունք, և չի կատարել մեքենայի վարկային մուծումները։

Երբ կինը և վերջինիս մայրը բազմիցս հետ են պահանջել ավտոմեքենան, 2024թ․ մարտի 13-ին՝ ժամը 11։40-ին, հեռախոսային խոսակցության ժամանակ երիտասարդը հնչեցրել է նախկին կնոջը և նրա ընտանիքի անդամների առողջությանը վնաս պատճառելու, խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքներ, որոնք վերջիններիս կողմից ընդունվել են իրական:

2024թ․ մարտի 15-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, երիտասարդը «Մազդա 3» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Գյումրի քաղաքի Մ. Խորենացու շենքերից մեկի մոտ, բարձրացել և ուժեղ հարվածներ է հասցրել նախկին կնոջ ընտանիքի բնակարանի մուտքի դռանը՝ ցանկանալով ներս մտնել։ Այնուհետև շենքի բակում բղավելով՝ նախկին կնոջ և վերջինիս քրոջ հասցեին սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ է հնչեցրել, որով վերջինների մոտ առաջացրել է սեփական կյանքի համար վախի զգացողություն։

Բացի այդ, 28-ամյա երիտասարդը, նրանց կյանքից զրկելու դիտավորությամբ, 2024 թվականի մարտի 24-ին՝ ժամը 14։45-ի սահմաններում, տաքսի ավտոմեքենայով գնալով Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցի հիշյալ շենքի բակ, սպասել է նախկին կնոջն ու նրա քրոջը։ Երբ նրանք ավտոմեքենայով շենքի բակ են ժամանել, երիտասարդը դուրս է եկել տաքսի ավտոմեքենայից, գնացել նրանց ուղղությամբ և, գտնվելով ալկոհոլի ազդեցվության տակ, ձեռքում գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նախկին կնոջ և նրա քրոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Սակայն վերջիններիս կողմից ձեռքերով պաշտպանվելու, անցորդի և հարևանների կողմից միջամտելու արդյունքում չկարողանալով իր մտադրությունն ավարտին հասցնել, դիմել է փախուստի:

Պարզվել է, որ վերջինս դատաքննության փուլում գտնվող քրեական մեկ այլ գործով ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, և նրա նկատմամբ կիրառված է եղել բացակայելու արգելք խափանման միջոցը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 28-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով, 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին