Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են տարբեր հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ հարցեր (տեսանյութ, լուսանկարներ)

12 Հուլիս, 2024 12:27
Քննարկվել են տարբեր հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ հարցեր (տեսանյութ, լուսանկարներ)

Հուլիսի 11-ին Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։

Մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, Ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը։

Քննարկվել են տարբեր հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ հարցեր: Հատկանշվել են, մասնավորապես, թմրամիջոցների դեմ պայքարի, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող հետևողական միջոցառումները։

Անդրադարձ է կատարվել Ոստիկանության բարեփոխումներին, մասնավորապես՝ նոր Քրեական ոստիկանության ու Համայնքային ոստիկանության ձևավորմանն ու կադրային համալրմանը։

ՆԳ Նախարարը հորդորել է ակտիվացնել մասնակցությունն ատեստավորմանը, ինչը սոցիալական երաշխիքները բարձրացնելու հնարավորություն է։

Քննարկվել են նաև Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների աշխատանքի արդյունքները: Վեր են հանվել բացթողումներն ու նախանշվել թերացումների վերացման ուղղությամբ լուծումներ։

Նույն օրը ՆԳ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նաև Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների հետ։
Կարևորվել է ճանապարհատրանսպորտային պատահարների կանխմանն ուղղված շարունակական միջոցառումների անցկացումը։

Անդրադարձ է կատարվել պարեկների բարեվարքությանը. ընդգծվել է քաղաքացիների հետ գրագետ հաղորդակցության ու բարեկիրթ կեցվածքի կարևորությունը։ Քննարկվել են նաև ծառայությանն առնչվող այլ հարցեր։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու նախարարության ղեկավար կազմն այցելել են նաև Սյունիքի մարզային փրկարարական վարչություն։

ՆԳ նախարարը շրջել է փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնում, ծանոթացել շենքային պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին։

Փրկարարական վարչությունում խորհրդակցության ժամանակ քննարկվել են ատեստավորման փուլերի, այդ թվում՝ սոցիալական երաշխիքների բարելավման վերաբերյալ հարցեր։

Քննարկվել են նաև անտառներում հրդեհների կանխարգելման ու արագ արձագանքման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին