Կարևոր իրադարձություններ

Վերապատրաստող կազմակերպությունների ընտրություն և ծրագրերի երաշխավորում՝ ՄԿՈՒ հաստատություններում դասավանդողների համար

12 Հուլիս, 2024 10:18
Վերապատրաստող կազմակերպությունների ընտրություն և ծրագրերի երաշխավորում՝  ՄԿՈՒ հաստատություններում դասավանդողների համար

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների ծրագրերի ընտրության և երաշխավորման  գործընթաց` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողի վերապատրաստումն իրականացնելու նպատակով:

Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել  ՀՀ պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունները` արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտական կազմակերպություններ, տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող մասնավոր ոլորտի կազմակերպություններ, կրթության ոլորտում փորձ ունեցող հիմնադրամները, ընկերությունները, հասարակական, միջազգային, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք ունեն`

առկա վերապատրաստման գործընթացն անխափան կազմակերպելու համար տարածք` վերապատրաստման ուղղությամբ հայտ ներկայացված մանկավարժների հետ տեսական և գործնական պարապմունքների անցկացման համար.

վերապատրաստումն առկա, հեռավար կամ համակցված եղանակով (միաժամանակ և՛ առկա, և՛ հեռավար ձևերի համադրմամբ) անցկացնելու պարագայում՝ համապատասխան տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, ծրագրեր.

իրավաբանական անձի կարգավիճակ և պետական գրանցում,

մշակված 90-110 ժամյա վերապատրաստման դասընթաց (տևողությունը 15-20 օր), որի ծրագիրը պետք է ներառի նախարարի հրամանով հաստատված ուղղությունների հիման վրա ատեստավորման հանձնաժողովների կողմից ներկայացված ատեստավորման թեմաները (առաջադրանքի բովանդակությունը), ինչպես նաև ընդհանուր և մասնագիտության դասավանդման մեթոդիկայի թեմաները՝ համաձայն հավելվածների.

ծրագրավորման հիմունքներ, վեբ, գրաֆիկա, ցանցեր-1, ցանցեր-2 և ավտոմատացված համակարգեր՝ համաձայն Հավելված 1-ի.

ագրոտնտեսագիտական /ֆերմերային/ տնտեսության կազմակերպում, ագրոնոմիա, սննդի տեխնոլոգիա, անասնաբուժություն՝ համաձայն Հավելված 2-ի.

խոհարարություն, հրուշակագործություն, հացաթխում, մակարոնեղենի և հրուշակեղենի արտադրություն, հանրային սննդի սպասարկում և արտադրություն՝ համաձայն Հավելված 3-ի.

ոսկերչություն՝ համաձայն Հավելված 4-ի:

Կազմակերպությունը կարող է ընտրությանը մասնակցել վերոնշյալ թեմաներից որևէ մեկով կամ մի քանիսով՝ յուրաքանչյուրի մասով ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվությունը:

Կազմակերպությունը պարտավոր է՝

մանկավարժական աշխատողներին ապահովել վերապատրաստման թեմատիկ, ուսումնական պլան-ծրագրերով, պարապմունքների ժամանակացույցով.

կատարել վերապատրաստումների պլանավորումը, իրականացումը՝ վերջնարդյունքների ապահովմամբ, և արդյունքների ամփոփումը, վերապատրաստվողի գիտելիքների և կարողությունների գնահատումը.

իրականացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի փետրվարի 7-ի «Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման հանձնաժողովների ձևավորման, դրանց գործունեության և ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգը հաստատելու մասին» N 07-Ն հրամանի Ձև 3-ում ներկայացված պայմանագրով սահմանված պարտավորությունները:

Կազմակերպությունը չի կարող ընդգրկվել ցանկում, եթե`

դատական կարգով ճանաչված է անվճարունակ, գտնվում է լուծարման, վերակազմակերպման գործընթացում, արգելանքի տակ ունի պայմանագրի կատարման համար հայտով ներկայացված գույք.

հայտ ներկայացնելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ունի ժամկետանց պարտքեր` Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով: 

Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հայտ` համաձայն 2024 թվականի հուլիսի 8-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողին վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների ծրագրերի երաշխավորվման ու այդ կազմակերպությունների  ցանկի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 1222-Ա/2 հրամանի հավելվածի Ձև 1-ի և Ձև 3-ի:

Ընտրությանը մասնակցել ցանկացող կազմակերպությունները  պետք է մինչև  2024 թվականի հուլիսի 28-ը ներառյալ՝ ժամը 10.00-ից 17.00-ը (ընդմիջում` 12.45-14.00), դիմեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` նախօրոք լրացնելով և դիմումին կցելով ԿԳՄՍ նախարարության կայքում հրապարակված վերապատրաստման պայմանների ու չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագրեր պարունակող ձևաթղթերը: 

Հասցե` Երևան, Վ. Սարգսյան  3, 6-րդ հարկ, 612 սենյակ: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 599 623 հեռախոսահամարով:

Գործընթացն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի փետրվարի 7-ի «Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման հանձնաժողովների ձևավորման, դրանց գործունեության և ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգը հաստատելու մասին»  N 07-Ն և հուլիսի 8-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողին վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների ծրագրերի երաշխավորվման ու այդ կազմակերպությունների  ցանկի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 1222-Ա/2 հրամաններով հաստատված պահանջներին  համապատասխան:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին