Կարևոր իրադարձություններ

Պետական պահպանության ծառայությունը պետք է շարունակաբար զարգանա և ուժեղանա. վարչապետ

01 Հուլիս, 2024 20:06
Պետական պահպանության ծառայությունը պետք է շարունակաբար զարգանա և ուժեղանա. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետը նախ շնորհավորել է ծառայության աշխատակիցներին տոնական օրվա առիթով, շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Պետական պահպանության ծառայությունն արդեն շուրջ մեկ տարի  գործում է որպես Վարչապետին ենթակա մարմին և ընդգծել, որ դա կարևոր և սկզբունքային որոշում է, քանի որ այդ որոշմամբ՝ ի դեմս Պետական պահպանության ծառայության, ստեղծվել է պետության անվտանգությունն ապահովող ևս մեկ գործունակ հատուկ ծառայություն: «Իհարկե, մենք այն տրամադրվածությունը կամ մոլորությունը չունենք, թե դա հնարավոր է անել մեկ-երկու գործողության արդյունքում: Մենք այս ուղղությամբ պետք է հետևողականորեն աշխատենք, որպեսզի Պետական պահպանության ծառայության կարողությունները, հմտությունները, պրոֆեսիոնալ մակարդակը շարունակական և հետևողականորեն բարձրացնենք»,- ասել է վարչապետը և հավելել, որ Պետական  պահպանության ծառայությունը Վարչապետին ենթակա մարմին դարձնելու և Ազգային անվտանգության ծառայության կազմից դուրս բերելու որոշման կարևորագույն նպատակներից և ենթատեքստերից մեկն այն էր, որ Ազգային անվտանգության ծառայությունն իր հիմնական և առանցքային գործառույթների վրա կենտրոնանալու ավելի շատ հնարավորություն ու ժամանակ ունենա:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ, հասկանալիորեն այսքան արագ Պետական  պահպանության ծառայությունը չի կարող գործել առանց Ազգային անվտանգության ծառայության հետ սերտ գործակցության և աջակցության, բայց ընդհանուր առմամբ, միանշանակ աներկբա է, որ դրանով Ազգային անվտանգության ծառայությունն ուժեղանում է, որովհետև հնարավորություն է տրվում, որ Ազգային անվտանգության ծառայությունը կենտրոնանա իր առանցքային գործառույթների վրա: «Իհարկե, այն կանխավարկածով, որ պետական մարմիններն ընդհանրապես մեկուսի չեն գործում: Այսօր նույն Պետական պահպանության ծառայությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, քննչական մարմինները չեն 

կարող գործել առանց մեկը մյուսի: Ընդհանրապես՝ պետական համակարգը չի կարող գործել փոխգործակցությունից դուրս ռեժիմում: Բայց շատ կարևոր է, որ նրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին հնարավորություն ունենա կենտրոնանալ իր առանցքային և հիմնական գործառույթների վրա: Եվ այս առումով, իհարկե, նաև Պետական  պահպանության ծառայությունը,որպես պետության և հանրության անվտանգությունն ապահովող հատուկ ծառայություն, պետք է շարունակաբար զարգանա և ուժեղանա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է հանրության մեջ կամ որոշակի շրջանակում տարածված մոլորությանը, թե Պետական պահպանության ծառայությունն ապահովում է միայն բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը: «Իրականում դա ամբողջ ճշմարտությունը չէ, այլ ճշմարտության մի մասն է, որովհետև ՊՊԾ-ն ապահովում է ինչպես պետական ինստիտուտների, այնպես էլ հանրության և քաղաքացիների անվտանգությունը, որովհետև այն միջոցառումները, որտեղ մասնակցում են պետական բարձրաստիճան պաշտոնյաները, այդ միջոցառումներին մասնակցում են քաղաքացիներ, այդ միջոցառումների մոտակայքում գտնվում են քաղաքացիներ և այլն»,-նշել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ այս առումով ՊՊԾ-ն ապահովում է նաև քաղաքացիների և հանրության անվտանգությունը, իսկ  ավելի լայն համատեքստում՝ պետական մարմինների աշխատանքի խաթարումն անվտանգային սպառնալիքներ կարող է ունենալ հանրության, պետության և յուրաքանչյուր անհատի անվտանգության համար:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նաև անդրադարձել է ՊՊԾ-ում բարեփոխումների օրակարգին և ընդգծել, որ այդ բարեփոխումների օրակարգը պետք է հետևողականորեն շարունակել: «Այդ բարեփոխումների մեջ ամենևին էլ երկրորդական տեղ չի զբաղեցնում ծառայության աշխատողների սոցիալական երաշխիքների համակարգը: Նաև ՊՊԾ-ում մենք իրականացնում ենք կամավոր ատեստավորման գործընթաց: Եվ ուրախ եմ արձանագրել, որ ընդհանուր առմամբ, հաջող է ընթանում այդ գործընթացը, որտեղ մենք զուգահեռաբար երկու խնդիր ենք լուծում: Այդ խնդիրներից առաջինը՝ ես ասացի, որպեսզի նման կարևոր ծառայության մեջ գտնվող մարդիկ ունենան պատշաճ վարձատրություն, բայց նաև այդ վարձատրությունն ունենան պատշաճ պրոֆեսիոնալ պատրաստվածության դիմաց:

Սա, կարծում եմ, մի սկզբունք է, որը պետք է լինի ընդհանրապես ոչ միայն Պետական պահպանության ծառայության, այլ ամբողջ պետական համակարգի գործունեության հիմքում»,- ընդգծել է վարչապետը և հավելել, որ Պետական պահպանության ծառայությունում իրականացվող կամավոր ատեստավորման գործընթացը դրական է նաև այն առումով, որ շատ ծառայողներ հենց իրենց ատեստավորման գործընթացում ի վերջո վերահաստատել են, որ մինչև ատեստավորումն էլ այդ բոլոր անհրաժեշտ հատկանիշներն ունեցել են, ինչը ծառայության կարևոր գնահատական է: «Անկախ այդ գործընթացից՝ պրոֆեսիոնալիզմի շարունակական զարգացումը միշտ էլ եղել է օրակարգում, միշտ էլ իրագործվել է, ինչը շատ 

կարևոր է և գնահատանքի արժանի է այն ըմբռնմամբ, որ ժամանակները փոխվում են, մարտահրավերները և պահանջները փոխվում են, և, իհարկե, այս բնականոն զարգացումը պետք է անընդհատ շարունակվի: Սրա համար մենք պետք է և՛ օրենսդրական, և՛ իրավական, և՛ ինստիտուցիոնալ նախադրյալներ ստեղծենք»,-ընդգծել է կառավարության ղեկավարը:

Ամփոփելով իր խոսքը՝ վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կատարած դժվար, բայց կարևոր ու արդյունավետ աշխատանքի համար, հաջողություն և անվտանգ ծառայություն մաղթել բոլորին և հավելել, որ Պետական պահպանության ծառայության տեխնիկական և կադրային համալրվածության հարցը ևս մի գործողությամբ և միանգամից չի լուծվի, բայց, իհարկե, կա հստակ պատկերացում, թե ինչ քայլերի հաջորդականությամբ պետք է այդ հարցը լուծել։

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Վարչապետի հուշամեդալով, Վարչապետի շնորհակալագրով ու արժեքավոր նվերներով:

 

Լրահոս

Դիտել ավելին