ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-ին Պեկինում հանդիպել է Չինաստանի կոմկուսի կենտկոմի միջազգային վարչության նախարարի տեղակալ Չեն Ճոուի հետ:
«ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի շրջանակում Չինաստանն ունի առանձնահատուկ դեր ու նշանակություն: Մենք պատրաստ ենք տարբեր ուղղություններով շարունակել խորացնել ՉԺՀ հետ առկա համագործակցությունը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունում երկխոսության գործընկերոջ կարգավիճակն իր դերակատարումն է ունեցել Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության հետագա զարգացման համար:
ԱԺ նախագահի տեղակալը ողջունել է ՉԺՀ-ի ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասի զարգացման գործում, ինչը դրական ազդեցություն ունի նաև մեր տարածաշրջանի կայունության ու անվտանգության վրա:
Հայաստանը և Չինաստանը հնագույն քաղաքակրթությունների ֆորումի ակտիվ մասնակիցներ են և համագործակցում են նաեւ այդ ձեւաչափով: Հայաստանն իր մասնակցությունն է ունենում Ասիայում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի ստեղծման գործում և պատրաստ է ակտիվ համագործակցել չինական կողմի հետ մշակութային հուշարձանների պահպանության հարցում:
Երկուստեք շեշտվել է հայ-չինական առևտրատնտեսական համագործակցությունը, որի ծավալները հետեւողականորեն զարգանում են մեծ տեմպերով: 2023 թվականին երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները գրանցել են աննախադեպ ցուցանիշներ: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առեւտրային գործընկերն է:
Չինական ընկերություններն ակտիվ ներգրավված են ՀՀ-ում իրականացվող խոշոր նախագծերում, ինչպիսիք են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի և Կապսի ջրամբարի շինարարությունը: Հյուսիս-հարավ ավտոճանապարհը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, որը ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի մասն է եւ լավագույնս կարող է շաղկապվել չինական «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնության հետ: Հայկական կողմը հետաքրքրված է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի մասնակցությամբ նախագծերով:
Հանդիպման ընթացքում ԱԺ փոխխոսնակը հանգամանալից ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացվող սահմանազատման և սահմանագծման մասին ձեռք բերված պայմանավորվածությունները: Հակոբ Արշակյանը նշել է, որ մեր տարածաշրջանին անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն:
Հանդիպմանը կարեւորվել են համագործակցության լայն շրջանակի պահպանումը, Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ համագործակցությունը: