Կարևոր իրադարձություններ

Որքա՞ն արժե և կարող է արժենալ «Իսլամական պետության» դեմ պայքարը երկու կոալիցիաների համար

21 Հոկտեմբեր, 2015 16:48
Հեղինակ՝ Արմեն Պետրոսյան
Որքա՞ն արժե և կարող է արժենալ «Իսլամական պետության» դեմ պայքարը երկու կոալիցիաների համար

Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի օդատիեզերական(ՕՏՈՒ) ուժերը ռազմական գործողություններ սկսեցին Սիրիայի տարածքում՝ որպես հիմնական թիրախ հայտարարելով Արաբական Հանրապետության տարածքում «Իսլամական պետություն»(ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության, ինչպես նաև՝ սիրիական հակակառավարական այլ ծայրահեղական խմբավորումների դիրքերը: Ռուսական ուժերը Սիրիայում գործում են այդ երկրի բանակային ստորաբաժանումների, լիբանանյան «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպության, իրանական, շիայական զինված խմբավորումների հետ սերտ համագործակցությամբ: Մինչդեռ Սիրիայի օդային տարածքում այս կոալիցիայի անդամներից ռազմական գործողություններին մասնակցում է հիմնականում ռուսական, մասամբ նաև՝ սիրիական օդուժները, որոնց ընդհանուր ներգրավմամբ համատեղ ռազմական գործողություններ դեռ չեն իրականացվել:

Ներկայում Սիրիայի տարածքում տեղակայված են ռուսական ՕՏՈՒ-ին պատկանող շուրջ 50 միավոր տեխնիկա, ինչպես նաև՝ 1600-2000 ռազմական ոլորտի մասնագետներ. ընդ որում Ռուսաստանի միջամտությունը Սիրիայի տարածքում առնվազն կարճաժամկետ հեռանկարում սահմանափակվելու է բացառապես օդատիեզերական ուժերի ներգրավմամբ:
ՌԴ ԶՈՒ ԳՇ-ի օպերատիվ վարչության հաղորդմամբ՝ հոկտեմբերի 16-ի տվյալներով՝ ռուսական օդուժը Սիրիայի տարածքում իրականացրել է 669 մարտական թռիչք, խոցել ԻՊ-ի 456 թիրախ:
Ի մի բերելով ռուսական ուժերի իրականացրած ռազմական ուժերի տեղաշարժերի, գործողությունների առաջին շաբաթվա տվյալները և համադրելով դրանք ս.թ. սեպտեմբերի 14-20-ն անցկացված Центр-2015 զորավարժությունների արդյունքների հետ՝ ռուսական Коммерсанть Деньги պարբերականի հաշվարկներով, եթե գործողության մասշտաբները չընդլայնվեն, ապա այն Մոսկվայի համար օրական կարժենա 3 մլն դոլար, իսկ տարվա կտրվածքով՝ շուրջ 1 մլրդ դոլար:
«Ազատություն» ռադիոկայանի փորձագետների կարծիքով՝ ռուսական ռազմագործողության առաջին 2 շաբաթը Մոսկվայի համար արժեցել է 87 մլն դոլար, դարձյալ նույն ծավալով շարունակվելու պարագայում, տարեկան կտրվածքով ծախսերը կհասնեն 2,26 մլրդ դոլարի: Այս համատեքստում, կարևոր է ընդգծել նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմագործողության շրջանակներում ներկայացվող ժամանակահատվածում Կասպից ծովում տեղակայված ռուսական նավատորմի կողմից արձակվել են Калибр համակարգի 26 թևավոր հրթիռներ ԻՊ-ի 11 թիրախների ուղղությամբ. հրթիռներից յուրաքանչյուրի արժեքը գնահատվում է 1-1,5 մլն դոլարի միջակայքում: Մինչդեռ նշված գործողությունն իր բնույթով առավելապես մանևրային էր և հազիվ թե զանգվածային կիրառություն ունենա:
Այսուհանդերձ, բոլոր հաշվակները պայմանական են, ոչ պաշտոնական՝ կատարված փորձագիտական մակարդակով, համեմատական և համադրական մեթոդների հիման վրա, մինչդեռ ռուսական ռազմագործողության համատեքստում շատ բան կախված է հենց Սիրիայի տարածքում ընթացող ռազմական գործողությունների բնույթից, դրանց արդյունավետության աստիճանից և այլն:
Համեմատության համար բերենք նույն ԻՊ-ի դեմ արդեն Իրաքի և Սիրիայի տարածքներում մարտնչող ԱՄՆ-ի գլխավորած և շուրջ 60 երկրներից կազմված ռազմական կոալիցիայի գործունեության՝ անցյալ 1 տարվա ամփոփիչ հաշվետվության տվյալները՝ նաև ֆինանսական տեսանկյունից:
Ըստ այդմ՝ Պենտագոնի կողմից սեպտեմբերի 29-ին ներկայացված հաշվետվության համաձայն՝ անցյալ 1 տարվա ընթացքում դաշնակից երկրների օդուժն իրականացրել է, ընդհանուր առմամբ, 56819 մարտական թռիչք, որոնց ընթացքում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ հասցվել է 7162 ավիահարված, այդ թվում՝ 4 583-ն Իրաքում, 2 579-ը՝ Սիրիայում:
ԱՄՆ-ն իրականացրել է 5 590 ավիահարված, որից 3125-ն Իրաքում, 2442-ը՝ Սիրիայում: 
Ընդհանուր առմամբ՝ խոցվել է շուրջ 10700 թիրախ, սպանվել շուրջ 11 հազար զինյալ: Իսկ օգոստոսի 31-ի տվյալներով, ռազմագործղությունը Վաշինգթոնի համար արժեցել է 3,87 մլրդ դոլար: 
Ընդհանուր առմամբ, ներկայացված տվյալները հնարավորություն են ընձեռում որոշակի համեմատականներ անցկացնել նաև երկու կոալիցիաների հարվածների ինտենսիվության ու արդյունավետության մասին: Այս համատեքստում, կարելի է նշել, որ իր գործունեության ընդամենն առաջին 16 օրվա ընթացքում ռուսական ՕՏՈՒ-ն արդեն իսկ գերազանցել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողության տարեկան ցուցանիշների շուրջ 2,5%-ը:

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին