Կարևոր իրադարձություններ

Կատարվել է շուրջ 40 մլն ՀՀ դրամի համակարգչային հափշտակություն. ՔԿ

23 Փետրվար, 2024 14:26
Կատարվել է  շուրջ 40 մլն ՀՀ դրամի համակարգչային հափշտակություն. ՔԿ

Ավարտվել է Երևանի 37–ամյա բնակչի կողմից շուրջ 40 միլիոն ՀՀ դրամի համակարգչային հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության  գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 37–ամյա տղամարդը, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու նպատակով, 2021թ  հունիսից մինչև 2022թ ապրիլն ընկած ժամանակահատվածում, հասանելիություն ստանալով շուրջ 5 տասնյակ քաղաքացու «Իդրամ» դրամապանակներին, կատարել է ընդհանուր 39.803.498 ՀՀ դրամ գումարի համակարգչային հափշտակություն։

Մասնավորապես, նա «Viber», «WatsApp» հավելվածներով զանգահարել է տարբեր անձանց և տարբեր պատրվակներով, այդ թվում՝ հայտնելով, թե իբր սխալմամբ գումար է փոխանցել նրանց «Իդրամ» դրամապանակներին, խնդրել է տրամադրել իրենց հեռախոսահամարներին ստացված գաղտնաբառերը։ Քաղաքացիների կողմից այդ տվյալներն իրեն տրամադրվելուց հետո նա հասանելիություն է ստացել նշված անձանց «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակներին և դրանց միջոցով համակարգչային տվյալն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրելով, վերջիններիս անվամբ առցանց եղանակով կնքել է վարկային պայմանագրեր։ 

Դրանցով հաստատված և իր կողմից փաստացի կառավարվող էլեկտրոնային դրամապանակներ մուտքագրված, Իդրամ դրամապանակներին կցված բանկային քարտերին և դրամապանակներում առկա գումարից տղամարդը կատարել է ընդհանուր 39.803.498 ՀՀ դրամ գումարի համակարգչային հափշտակություն՝ գումարները փոխանցելով իր կողմից օգտագործվող տարբեր բուքմեյքերական ընկերությունների խաղային հաշիվներին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 37–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։

Նախաքննության փուլում քաղաքացիներին պատճառված վնասից վերականգնվել է ավելի քան 15 մլն դրամը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է նմանատիպ հանցագործությունների զոհ չդառնալու համար որևէ դեպքում անձնական, բանկային տվյալները, հատկապես գաղտնաբառերը չտրամադրել անծանոթ անձանց՝ անկախ պատճառաբանություններից։  

 

Լրահոս

Դիտել ավելին