Կարևոր իրադարձություններ

Գործադիրը նախորդ տարի իրականացրել է սուբվենցիոն ծրագրերի ռեկորդային համաֆինանսավորում

01 Փետրվար, 2024 17:55
Գործադիրը նախորդ տարի իրականացրել է սուբվենցիոն ծրագրերի ռեկորդային համաֆինանսավորում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է 2024 թ. պետբյուջեից մարզպետների աշխատակազմերին հատկացնել 3 միլիարդ 151 միլիոն դրամ՝ 34 համայնքի 43 սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու նպատակով: Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ծրագրերից 2-ը սկսվել էին 2021 թվականին, 10-ը՝ 2022-ին, 31-ը՝ 2023 թվականին: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար կհատկացվի 18,3 միլիոն դրամ, Արարատի մարզին 2 ծրագրի համար՝ 251 միլիոն դրամ, Արմավիրին 4 ծրագրի համար՝ 262 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 6 ծրագրի համար՝ 606 միլիոն դրամ, Լոռու մարզին 11 ծրագրի համար՝ 549 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 6 ծրագրի համար՝ 506 միլիոն դրամ, Շիրակի մարզին 4 ծրագրի համար՝ 453 միլիոն դրամ, Սյունիքի մարզին 1 ծրագրի համար՝ 19 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզին 6 ծրագրի համար՝ 46 միլիոն դրամ, Տավուշի մարզին 5 ծրագրի համար՝ 437 միլիոն դրամ:

«Այս ծրագրերն իրականում 2023-ին հիմնականում ավարտվել էին, թեև որոշակի թղթաբանության հետ է կապված, որ հիմա ենք կատարել վճարումը: Սա 2023 թվականի չափաբաժնի մեջ է: 2023-ին համաֆինանսավորել ենք ռեկորդային մեծ չափով՝ 30 միլիարդ 300 միլիոն, և 3 միլիարդ 151 միլիոն էլ այսօր ենք ֆինանսավորում»,- ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը թվարկել է որոշմամբ ֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերը:

Եվ այսպես, Արագածոտնի մարզում իրականացվել են հետևյալ ծրագրերը՝ Աշտարակ համայնքի կարիքների համար հատուկ բազմաֆունկցիոնալ տեխնիկայի  ձեռքբերում, Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի գազիֆիկացում՝ 12,6կմ: Արարատի մարզում՝ Արարատ համայնքի Արարատ բնակավայրում մարզադպրոցի կառուցում, Վեդի համայնքի Ուրցաձոր և Լուսաշող բնակավայրերի ոռոգման ցանցերի կառուցում՝ 10,1 կմ:  

Արմավիրի մարզում՝ Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի  թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգում, Փարաքար համայնքի Բաղրամյան բնակավայրի փողոցների տուֆով սալարկման աշխատանքներ՝ 098կմ, Մեծամոր համայնքի Հայկավան, Նոր Արտագերս, Շենավան բնակավայրերի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում: Գեղարքունիքի  մարզում՝ Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրում խմելու նոր  ջրագծի կառուցում, Մարտունի համայնքի Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցում և վերանորոգում, Վարդենիս  համայնքի Ավազան, Արփունք, Արեգունի, Գեղամասար, Սոթք, Կուտական, Նորակերտ, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ, Կարճաղբյուր և  Լուսակունք բնակավայրերի խմելու ջրագծերի, կապտաժների և ՕԿՋ-ների կառուցում՝ 26,8 կմ,  Վարդենիս բնակավայրի  Ա․ Սեսմանուկյան 5, Լեռնագործների 1/2  բազմաբնակարան բնակելի շենքների տանիքների հիմնանորոգում, Վարդենիս համայնքի  Ախպրաձոր,  Արփունք,  Դարանակ, Կախակն, Կութ, Մաքենիս, Շատջրեք, Ջաղացաձոր և Վանևան բնակավայրերում փողոցային լուսավորության ցանցի անցկացում՝ 9.4 կմ, Սևան համայնքի Սևան բնակավայրի Խորհուրդների, Սունդուկյան, Մարզպետունի փողոցների և Գագարին բնակավայրի Բաղրամյան և Կոմիտաս փողոցների հիմնանորոգման աշխատանքներ՝ շուրջ 4 կմ:  

Լոռու մարզում՝ Գյուլագարակ համայնքի  Գյուլագարակ, Գարգառ և Ամրակից բնակավայրերի փողոցների սալարկում՝ 1,2 կմ, Սպիտակ համայնքի Լեռնանցք, Ջրաշեն, Հարթագյուղ և Շիրակամուտ  բնակավարերի թաղամասերի գազիֆիկացում՝ 4,6կմ, Սպիտակ համայնքի Ծաղկաբեր բնակավայրի մանկապարտեզի շենքի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում, Տաշիր համայնքի Պրիվոլնոյե բնակավայրի մանկապարտեզի գույքի ձեռքբերում, Տաշիր համայնքի Նորաշեն, Արծնի, Ձորամուտ և Մեդովկա բնակավայրերի ճանապարհների վերանորոգում՝ սալարկմամբ՝ 2,5կմ, Տաշիր համայնքի Լեռնահովիտ, Կրուգլայա Շիշկա, Կաթնառատ, Պրիվոլնոյե և Միխայլովկա բնակավայրերի ջրամատակարարման ապահովում՝ 12 կմ, Լոռի Բերդ համայնքի Բովաձոր, Լոռի Բերդ, Լեջան բնակավայրերի փողոցների  տուֆ քարով սալարկում՝ 1,8 կմ, Փամբակ համայնքի Վահագնի, Արջուտ բնակավայրերի  փողոցների ասֆալտապատում՝ 0,5կմ, Ալավերդի համայնքի Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Փոքր Այրում և Նեղոց  բնակավայրերի ճանապարհների կապիտալ վերանորոգում ասֆալտապատմամբ՝ 4,0 կմ, Թումանյան համայնքի բնակավայրերի համար գյուղտեխնիկայի ձեռքբերում, Ստեփանավան համայնքի Ստեփանավան բնակավայրի Ռումինական թիվ 2, 16, 22 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ:

Կոտայքի մարզում՝ Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրի Սարալանջ թաղամասից մարզադաշտ տանող ճանապարհի և 3-րդ, 4-րդ միկրոշրջանները վարչական կենտրոնին կապող աստիճանների հիմնանորոգում, Ակունք համայնքի Կապուտան բնակավայրի  4-րդ և Հատիս բնակավայրի  6-րդ փողոցների ասֆալտապատում` 0.68կմ, Արզնի համայնքի Արզնի բնակավայրում ոռոգման համակարգի կառուցում և փոխարինում` 6,5կմ, Գառնի համայնքի Գառնի բնակավայրի ճանապարհային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ՝ 4 կմ, Նաիրի համայնքի Եղվարդ, Զորավան բնակավայրերի գազիֆիկացման աշխատանքներ՝ 7,4 կմ, Նոր Հաճըն համայնքի Գետամեջ, Նոր Գեղի, Արգել, Քարաշամբ և Թեղենիք բնակավայրերի փողոցների ասֆալտապատում՝ 4 կմ:

Շիրակի մարզում՝ Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցում, Արթիկ համայնքի Սպանդարյան և Նոր Կյանք բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցում՝ 2,3 կմ, Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Իսահակյան թիվ 60 հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզի և Լեռնակերտ բնակավայրի մանկապարտեզների շենքերի հիմնանորոգում, Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի 3-րդ փողոցի և Հարթաշեն բնակավայրի 1-ին փողոցի հիմնանորոգում՝ 0,87 կմ:

Սյունիքի մարզում՝ Կապան համայնքի Կապան բնակավայրի Գարեգին Նժդեհ փողոցի աջակողմյան մայթի նորոգում:  Վայոց ձորի մարզում՝ Վայք համայնքի Հերհեր բնակավայրի 1-ին փողոցի ասֆալտապատման աշխատանքներ՝ 0,48 կմ, Ջերմուկ համայնքի Ջերմուկ բնակավայրի Ջերմուկի խորհրդանիշ եղնիկի արձան տանող ճանապարհի շրջակա ժայռերի լուսավորության իրականացում, Արենի համայնքի Արենի բնակավայրում  ոռոգման ջրի մղիչ պոմպի և պոմպակայանի կառուցում: 

Տավուշի մարզում՝Նոյեմբերյան համայնքի Կողբ և Ջուջևան բնակավայրերի խմելու ջրի համակարգի կառուցում և վերանորոգում՝ 19,0 կմ, Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի ոռոգման համակարգի արդիականացում՝ 4,0 կմ, Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան բնակավայրի Տերյան 9, Նոյեմբերի 29/3,   Բարեկամության 11 բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների նորոգում, Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրի Գոշ փողոցի տուֆապատում:

Վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է իրականացվող աշխատանքները որակով կատարելու, դրա նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ մեծ ծավալի գումարներ են ծախսվում այդ ծրագրերի համար. «Այն, որ ես ասում եմ «որակ», նկատի չունեմ այն որակը, որն աշխարհում կա: Ես նկատի ունեմ այն որակը, որն օբյեկտիվորեն կարող է մեզ հասանելի լինել: Եվ մենք ունենք պրոբլեմներ, որոնք անզեն աչքով նկատելի են:

Նախ պետք է արձանագրենք, որ այն ճանապարհը, որն ընդունված է, և այդտեղ որակի պրոբլեմներ արձանագրվեց, դա մեծ պրոբլեմ է: Ես ակնկալում եմ, որ զրո կոմպրոմիս լինի մեր ունեցած ոչ բարձր ստանդարտների հարաբերությամբ և համեմատությամբ: Սա մենք պետք է ապահովենք, հակառակ դեպքում՝ դա լուրջ խնդիր կդառնա»,-ասել է վարչապետը՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին հանձնարարելով այդ հարցերը պահել ուշադրության կենտրոնում: 

 

Լրահոս

Դիտել ավելին