Կարևոր իրադարձություններ

Ամփոփվել է «Քեզ համար, Ազնավո՛ւր» մրցույթը. մասնակցել է ավելի քան 1000 սովորող

30 Ապրիլ, 2024 19:40
Ամփոփվել է «Քեզ համար, Ազնավո՛ւր» մրցույթը. մասնակցել է ավելի քան 1000 սովորող

Այս տարի լրանում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, երգահան, գրող, դերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր Շառլ Ազնավուրի 100-ամյակը:

Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ազնավուր» հիմնադրամը հայտարարել էին մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն էր մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին այն առավել ճանաչելի դարձնելը:

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մրցույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել սովորողների շրջանում. հրապարակված մրցութային 7 հարցերի մեկնաբանություններում գրվել է ավելի քան 1000 պատասխան:

Ապրիլի 23-29-ը՝ յուրաքանչյուր օր, ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակվել են Շառլ Ազնավուրի կենսագրությանը, ստեղծագործական կյանքին վերաբերող տարաբնույթ հարցեր, և համաձայն մրցութային պայմանների՝ առաջինը ճիշտ պատասխանողը ճանաչվել է տվյալ օրվա հաղթող: Խմբագրված, ինչպես նաև այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել: Որպես պարտադիր պահանջ՝ պատասխանում պետք էր միայն հայատառ նշել սովորողի տվյալները (անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, դասարան/կուրս, մասնագիտություն): Ներկայացնում ենք հարցերին առաջինը ճիշտ պատասխանած 7 մասնակցին.

ՀՀ Տավուշի մարզի Բերդի թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Նելի Ներսիսյան,

ՀՀ Տավուշի մարզի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Ֆինանսներ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Ալինա Դավթյան,

ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 8-րդ դասարանի աշակերտ Մկրտիչ Գաբրիելյան,

ՀՀ Շիրակի մարզի Ազատանի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Ինա Բահրիկյան,

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի «Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր» ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Արմեն Հակոբյան,

Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի հումանիտար հոսքի պատմահասարակագիտական ենթահոսքի 10֊րդ դասարանի աշակերտ Արման Աստվածատրյան,

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Մարիամ Ավետիքյան:

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության սոցիալական հարթակներում իրականացվել են նմանատիպ այլ մրցույթներ ևս՝ նշանավոր անձանց հոբելյանների և կարևոր իրադարձությունների շրջանակում: Առաջիկայում նախատեսվում է մրցույթ՝ Երվանդ Քոչարի 125-ամյա հոբելյանի շրջանակում:

 

Լրահոս

Դիտել ավելին