Կարևոր իրադարձություններ

Ով է Civic.am-ի լրագրողին հարվածած «ախրանիկը»

30 Ապրիլ, 2024 20:51
Ով է Civic.am-ի լրագրողին հարվածած «ախրանիկը»

Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Լևոն Քոչարյանի «ախռանիկը»` Արթուր Սուքոյանը Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանին:

Արթուր Սուքոյանը լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ»` հարվածելով նրան։

Ինչպես ավելի ուշ պարզ դարձավ Արթուր Սուքոյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականն է, աշխատանքի է ընդունվել 2023 թ. նոյեմբերի 22-ից: Վերջինս նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին է։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը դեռևս 2023 թվականի հունվարին կարգապահական կոպիտ խախտման հիմքով դադարեցրել է այլևս նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները:

Նշենք նաև, որ Ալեքսեյ Սուքոյանը նաև «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի» քաղ.գործով դատավորն էր։

Լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքին անդրադարձել են նաև ՄԻՊ-ն ու ԲԴԽ-ն` դատապարտելով ցանկացած բռնություն, առավել ևս` լրագրողի նկատմամբ:

ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարել ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու դեպքերը` պարզաբանումներ պահանջելով նաև իրավասու մարմիններից:

Ըստ պետռեգիստրի`Երևանի Թումանյան փողոցի վրա տեղակայված «Զարկ» ռեստորանը, ի թիվս այլ բիզնեսների, պատկանում է Արթուր Սուքոյանին:

 

Լրահոս

Դիտել ավելին