Անվիճելի փաստ է, որ հայաստանյան քաղաքական դաշտն իրար խառնած և բազմանշանակ հայտարարություններով հանդես եկած Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այս օրերին գլխավորում է հայկական մամուլի անցուդարձը:
Մինչ բոլորը սպասում են նրա՝ ինչպես ինքն է ասում թիմ ստեղծելու գործնական քայլերին, նա շարունակում է հարցազրույցներ տալ ու պատմել իր ու իր ծավալած գործունեության մասին:
Նրա հարցազրույցներին զուգահեռ, շարունակվում են ներկայացվել նրա ընտանիքի անդամների կյանքը, գործունեությունը և դուստրերից մեկի բավականին ուշագրավ տեսահոլովակները:
Արա Աբրահամյանը չի դադարում կրկնել, որ մտերիմ է Ռուսաստանի ղեկավարության հետ, ավելին՝ նրա խոսքով, ինքն աշխատում է տարբեր երկրների ղեկավարների հետ:
Արա Աբրահամյանն ունի երկու ընկերություն՝ իրավաբանական ընկերություն «Свобода»-ն և ինվեստցիոն ընկերություն «Согласие»-ն:
Նրա իրավաբական ընկերությունը իր գործունեությունն է ծավալում միջազգային ասպարեզում, իսկ ահա «Согласие»-ն աշխատում է արդյունաբերության մեջ, ինչպես նաև այլ ուղղություններով՝ շինարարություն, նավթային արդյունաբերություն, քիմիա: Այսինքն, ինչպես ասում է հենց Աբրահամյանը, այնտեղ, որտեղ շահավետ է:
Փորփրելով Աբրահամյանի կենսագրությունը, պարզեցինք, որ «Согласие» ընկերությունը հիմնադրվել է 1993թ-ին, որը, ինչպես նշված է Ռուսաստանի հայերի միության կայքէջում, շատ կարճ ժամանակահատվածում դասվել է հայտնի և կարևոր նշանակություն ունեցող ընկերությունների շարքին:
Ի դեպ, իր ինվեսցիոն ընկերությունը Աբրահամյանը հիմնադրել է այն բանից հետո, երբ 1991թ.-ին դարձել է խոշոր «Комэкс» էլեկտրոնային տեխնիկայի ընկերության գլխավոր տնօրենը:
Արա Աբրահամյանը կենսագրական տվյալների մեջ բավականին ակտիվ ներկայացված են նաև նրա ստացած պարգևները: Օրինակ, նա երկու անգամ արժանացել է Ռուսաստանի «Տարվա մարդ» մրցանակներին:
«Ալամ աշխարհի հայերի» միության նախագահ լինելուց բացի, ինչպես նրան ավելի հաճախ կոչում են, նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է:
Իսկ ամեն ինչ սկսեց Հայաստանի Եղեգնաձորի տարածաշրջանի Մալիշկա գյուղից, որտեղ և ծնվել է մասնագիտությամբ տնտեսագետ հայտնի բիզնեսմենը:
Մալիշկա-Մոսկվա-Երևան տրանզիտի ուղևորը 2015-ին հստակ ներկայացրեց իր որոշումը՝ մտնելու է քաղաքականություն, ստեղծելու իր կուսակցությունը:
Եվ մինչ նա հայտարարում է իր պլանների մասին, հասարակությունը ակամայից արձագանքում է՝ հերթական փրկիչը եկավ, որ մեզ «փրկի» ու…հեռանա:
Ինչպես ասում են, տառապանքը փորձ ունի, իսկ թե իր միսիան կատարելուց հետո դեպի որ կողմ կգնա Աբրահամյանը՝ Մալիշկա, թե Մոսկվա, ժամանակի հարց է: