Կարևոր իրադարձություններ

Հայաստանը պատրաստ է ավելի արդյունավետ մասնակցել ՄԱԿ-ի կառույցների աշխատանքներին

21 Հոկտեմբեր, 2015 11:31
Հայաստանը պատրաստ է ավելի արդյունավետ մասնակցել ՄԱԿ-ի կառույցների աշխատանքներին

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում hոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հանդիպումն Ազգային ՄԱԿ-ի մոդել համաժողովի մասնակիցների հետ, որի նպատակն էր Երևանում անցկացվելիք կազմակերպության հիմնադրման 70-ամյակին և ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին նվիրված համաժողովին ընդառաջ ուսանող-պատվիրակների հետ քննարկել ՄԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունները, առանձնահատկությունները և ընթացակարգային ու բովանդակային հարցեր, տեղեկացնում է ԱԳՆ կայքը:

Հանդիպմանը Կարեն Նազարյանի կողմից ներկայացվել է ՄԱԿ-ում Հայաստանի առաջնայնությունները, նա խոսել է միջազգային այդ ունիվերսալ կառույցում ՀՀ պատվիրակությունների ներգրավվածության մասին:

Փոխնախարարը պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին` նշելով որ այսօր Հայաստանը պատրաստ է ավելի արդյունավետ դարձնելու իր մասնակցությունը ՄԱԿ-ի կառույցների աշխատանքներին և, հիմնվելով անցած տարիների ընթացքում կուտակած դրական փորձի վրա, իր գործնական ներդրումը բերել համաշխարհային գործընթացներին՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու խրախուսման, միջազգային անվտանգության և խաղաղության հաստատման գործընթացներում:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն, ՄԱԿ-ի գրասենյակի և ՀՀ ԱԳՆ աշխատակիցներ, հայաստանյան ԲՈՒՀ-երի ուսանողներ:

 

Լրահոս

Դիտել ավելին