Կարևոր իրադարձություններ

Ինչով է պայմանավորված կառուցապատման ոլորտի աճը. կան արդյոք կոռուպցիոն ռիսկեր. մեկնաբանում են մասնագետները

21 Հունիս, 2023 18:03
Ինչով է պայմանավորված կառուցապատման ոլորտի աճը. կան արդյոք կոռուպցիոն ռիսկեր. մեկնաբանում են մասնագետները

Վերջին շրջանում Հայաստանում լայն թափով զարգանում է կառուցապատման ոլորտը: Մասնագետների փոխանցմամբ՝ Երևանում կառուցապատման հետ կապված պետական վերահսկողության լուրջ խնդիր կա: Կառուցապատողները շատ դեպքերում խախտումներ ու շեղումներ են թույլ տալիս։

Նկատելի է, որ մինչ այս շինարարական ոլորտն այսքան արագ չէր զարգացել։

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նշում է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը, կան մի քանի տնտեսական գործոններ, որոնք ևս նպաստել են կառուցապատման ոլորտի դրական զարգացմանը: Դրանցից առաջնայինը ընդհանուր եկամտային աճն է, որն առավել նկատելի է եղել 2022 թվականին ու շարունակվել մինչ օրս:

«Երկորորդն այն է, որ շուտով չեղարկվելու է եկամտահարկի մասին օրենքը, որով պայմանավորված էլ մարդիկ շտապում են բնակարան ձեռքբերել: Երրորդ՝ համաշխարհային գնաճն է, որի պատճառով շատերը փորձում են տնտեսել իրենց գումարներն ու դա էլ հաճախ անում են ներդրումների տեսքով, օրինակ, ներդրում են անում շինարարության ոլորտում: Չորրորդ գործն էլ ամենաակնհայտներից է՝ Ռուսաստանից ներգաղթած քաղաքացիների ներհոսքը: Ճիշտ է, ռելոկանտների գործոնը ազդել է հիմնականում վարձակալության վրա, սակայն բնակարանների գնման մասով նրանք ևս անմասն չեն մնացել, քանի որ կան քաղաքացիներ, որոնք ևս ցանկանում են բնակարան գնել Հայաստանում»,- նկատում է նա:

Վերջինիս հավաստմամբ՝ ոլորտի դրական զարգացման վրա ազդել է նաև տուրիզմի աճը: Ասում է՝ անգամ նկատելի է, որ ներկայիս ցուցանիշները բարձր են 2020 թվականից առաջ եղածից, որն էլ էականորեն է ազդել կառուցապատման ոլորտի վրա:

«Վեցերորդն այն է, որ ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացման համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ, որն ազդել է ոլորտի մասնագետների եկամուտների աճի վրա: Յոթերորդը՝ երկար ժամանակ եղած ճգնաժամից հետո ոլորտի կոնպեսացվելն է: Ութերորդ գործն էլ իրենց ենթադրում է խորհրդային ժամանակներից մինչ օրս կատարված շինարարությունների դրական աճի գրանցում. աճել է բնակարանային ֆոնդը, իսկ ԽՍՀՄ ժամանակներում կառուցված բնակարանային ֆոնդն էլ արդեն էականորեն հնացել է»,- փաստում է մասնագետը:

Միքայելյանի կարծիքով՝ կառուցապատման ոլորտում կոռուպցիոն ռիսկեր միշտ կան: Բոլոր ժամանակների իշխանության ներկայացուցիչներն էլ ոչ միշտ են թափանցելիորեն բարելավում իրենց բնակարանային պայմանները։ Կարելի է ասել, որ այս ռիսկի գործոնը միշտ էլ եղել է:

«Այս մասով էական փոփոխություններ չեն արձանագրվել: Եթե խոսենք լիցենզավորման տեսանկյունից, ապա ռիսկերն այս պարագայում որոշակիորեն նվազել են, սակայն պետական պատվերի պարագայում, օրինակ, մեկ անձից գնումների մասով նույնը միանշանակորեն ասել չենք կարող: Սա առաջնային խնդիր չէ, սակայն պետք է ասեմ, որ, այնուամենայնիվ, ոլորտում որոշակի կոռուպցիոն ռիսկերը պահպանվում են»,- նշում է տնտեսագետը:

Մեզ հետ զրույցում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանն էլ նշում է, որ կառուցապատման ոլորտում առկա է տնտեսական մեծ ակտիվություն, ինչն էականորեն պայմանավորված է եկամտային հարկի ետվերադարձի ծրագրով:

«Քանի որ հիպոտեկային վարկի սպասարկման գծով եկամտային հարկի ետվերադարձի ծրագիրը Երևան քաղաքում գործելու է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը, դրանով էլ պայմանավորված՝ պոտենցիալ գնորդները շտապում են րոպե առաջ բնակարան ձեռք բերել՝ ցանկանալով օգտագործել իրենց աշխատավարձից գոյացող եկամտային հարկը: Կառուցապատման շուկայի տնտեսական ակտիվության հիմնական խթանիչ հանգամանքը սույն ծրագիրն է, սակայն սրան զուգահեռ կառուցապատման ոլորտի ակտիվությանը նպաստել են նաև սփյուռքահայերի, ինչպես նաև՝ որոշակի խումբ օտարերկրացիների ներհոսքը դեպի ՀՀ: Այնուամենայնիվ, կառուցապատման ոլորտի խթանը եկամտային հարկի ետվերադարձի ծրագիրն է, որը նկատելիորեն դրական մեծ ազդեցություն ունի ինչպես կառուցապատման շուկայի ակտիվության, այնպես էլ՝ կառուցապատման հետ փոխկապակցված տնտեսության մյուս ճյուղերի վրա՝ արտադրությունից մինչև արդյունաբերություն:

Թեև եկամտային հարկի ետվերադարձի ծրագիրն ապահովում է տնտեսական մեծ ակտիվություն, իրականացվում են խոշորամասշտաբ քաղաքաշինական ծրագրեր, ինչ որ չափով լուծվում են հնամաշ բնակարանային ֆոնդի ռենովացիայի խնդիրները, այնուամենայնիվ, ծրագիրը Երևան քաղաքում գործելու է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը: Բացի այդ՝ կառավարության գործընկերներն այժմ շրջանառում են նոր նախագիծ, որով նախատեսվում է դադարեցնել սույն ծրագրի կիրառությունը նաև ՀՀ մարզերում, իսկ եկամտային հարկի ետվերադարձի ծրագրին փոխարինող այլ գործիքակազմ, որի շնորհիվ կապահովվի կառուցապատման շարունակականությունը և տնտեսական ակտիվությունը, այս պահին չկա»,- նկատում է նա:

Անդրադառնալով նաև կառուցապատման ոլորտի կոռուպցիոն ռիսկերին՝ Գրիգորյանը նշում է, որ այդ մասով որևէ տեղեկության չի տիրապետում. «Այդ մասով վերլուծություններ ու տեղեկություն կարող են տրամադրել միայն իրավապահ մարմինները, քանի որ սույն համատեքստում մենք չենք տիրապետում որևէ ինֆորմացիայի»:

 

Նատալի Մկրտչյան

 

Լրահոս

Դիտել ավելին