Կարևոր իրադարձություններ

Ազգայինն արյան գնով կրող ու պահպանող եզակի մարդիկ են մնացել մեր երկրում. մասնագետներ

20 Հունիս, 2023 18:10
Ազգայինն արյան գնով կրող ու պահպանող եզակի մարդիկ են մնացել մեր երկրում. մասնագետներ

Ոչ մի հայի համար նորություն չէ, որ մեր հարևան պետությունների ժողովուրդները, մասնավորապես, թուրքերն ու ադրբեջանցիները, հաճախ են գողացել հայկական ազգային ժառանգություններն, ու դրանք ներկայացրել իբրև իրենցը: Վերջիններս հաճախ իրենց ազգայինն են համարել թե՛ Կոմիտասի, թե՛ Սայաթ-Նովայի և թե՛ այլ հայ մեծերի վաստակը:

Ամենաթարմը Թուրքիայի նախագահի ընտրության տոնակատարությունն էր, որի ժամանակ թուրք կատարողի կողմից հնչել էր Սայաթ-Նովայի ստեղծագործություններից մեկը՝ դարձրած թուրքական:

Ազգային ժառանգության նմանատիպ գողությունների համար որևէ տեսանելի քայլ չի արվել, որը կկանխեր այս երևույթը:

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նկատում է հայ երգահան, կոմիտասագետ, խազագետ, Հայաստանի երգահանների միության վարչության անդամ Արթուր Շահնազարյանը, հայ ժողովրդի մեծ մասը լսում ու երգում է թուրքական երգեր. դա անում են ոչ միայն առօրյայում, այլ հարսանիքիներին և նման այլ տոնակատարություններին:

«Շատ ցավալի է, երբ մտնում ես խանութ ու միացրած է թուրքական երգ կամ երաժշտություն: Այդ պահին հասկանում ես, որ փաստորեն մենք սա ենք տալիս իրենց՝ մեր ազգային արժեքների գողացման և իրացման դիմաց: Եթե դիտարկենք, որ թուրքերը, հասկանալով կամ առանց հասկանալու, իրենցը համարելով այդ երաժաշտությունը, որևէ տեղ կատարում են, ապա հայերի պարագայում իրավիճակն այլ է. մենք գրեթե ամեն օր, ամեն տեղ լսում ենք թուրքականը, անգամ մի շարք հեռուսաստեսություններով և մասնավոր ռադիոներով: Հայերն են առավոտից երեկո թուրքերի երգերը երգում՝ իրենց ազգային հայկականը թողած: Ցավալի է, բայց սա իրոք նորություն չէ. դեռ Կոմիտասի ժամանակներից սկսած մենք ունենք այս խնդիրը»,- ասում է նա:

Վերջինիս հավաստմամբ՝ դեռ վաղ ժամանակներից մեր ժողովուրդը հեռացել է իր արմատներից, չնայած նրան, որ Կոմիտասն այդքան մեծ գործ է արել, որպեսզի հայը հավատարիմ մնա իր ազգային արժեքներին:

«Մեր ժողովուրդը, կարծես թե էլ կապ չունի իր ազգային երաժշտության հետ ու ցավն այն է, որ այս մասով ոչինչ չի էլ ձեռնարկվում: Կրթական հաստատությունները սրանից անմասն են մնացել, պատասխանատու կառույցները ևս: Մենք ճահիճի մեջ ենք: Բայց այնպես չէ, որ Հայաստանի երգահանների միության վարչությունը ոչինչ չի անում: Մենք մի շարք աշխատանքներ են իրականացնում այս մասով, օրինակ, մանկապարտեզների և դպրոցների համար երգարաններ ենք հրապարակում, տալիս նրանց, սովորեցնում, անտարբեր չենք անցնում խնդրո առարկայի կողքով, սակայն հեռուստատեսությամբ այնպիսի բաներ են ցույց տալիս, որոնք ոչ միայն աղավաղում են մեր երգ-երաժշտությունն, այլև մեր մայր լեզուն: Բազում սերիալներում մեծ ակտիվությամբ պրոպագանդում են ժարգոնը: Առկա խնդիրն իրականում մեր մեջ է: Եվ ինչպես Կոմիտասն է ասել, դու տանդ մեջ քո երգը երգիր, օտարն ականջ ունի, կլսի: Թուրքերն էլ ինչքան գողանան, մեկ է, չեն կարող երգել մեր երգերն այնպես, ինչպես որ է, քանի որ դա իրենցը չէ, իրենց հարազատն ու ազգայինը չէ»,- նշում է երգահանը:

Շահնազարյանի փոխանցմամբ՝ եղել են դեպքեր, երբ այս մասով ոչ թե հայերը, այլ հենց թուրքերն են դատի տվել որոշ հայ ռաբիզ երգիչների, որոնք թուրքական երգեր են երգել՝ բառերը թարգմանած:

«Դե վերջում դատը հետ են վերցրել: Բայց ցավն այն է, որ փաստորեն մարդիկ կան, որոնք կամավոր թրքանում են: Հետաքրքրականն էլ այն է, որ այսքան ժամանակ հայկական կողմը ազգային երգ-երաժշտության գողացման և իրացման մասով թուրքերին դատի չի տվել: Ասում են՝ ով ինչ ուզում, երգում է: Թուրքն էլ դատի էր տվել, քանի որ իր իսկ հեղինակային կատարումն էր երգել հայ երգիչը: Սրան զուգահեռ, մինչ օրս դեռ հայ ռաբիզ երգիչներ էլ կան, որոնք շարունակում են երգել թուրքական երգերը՝ բառացի թարգմանած: Թուրքերն էլ էլ դատի չեն տալիս, ձայն չեն հանում՝ մտածելով, որ լավ է, թուրքականը թող այսպես տարածվի, մեկ է, նրանք կամավոր երգում են արդեն»,- ցավով փաստում է կոմիտասագետը:

Հայ ազգային, հասարակական, մշակութային գործիչ, «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանն էլ մեզ հետ զրույցում ասում է, որ հիմա ավելի շատ գոյության խնդիր է, և շատ երգիչների չի էլ հետարքրքում, թե նրանք ինչ երգեր են երգում, թուրքական, քրդական, թե հայկական, կարևորում են այն, որ գումար աշխատեն:

«Մեր երկրում եզակի մարդիկ են մնացել, որոնք արյան գնով կրում և պահպանում են ազգայինը: Այս ամենին պետք է պետական մակարդակով ուշադրություն դարձնել: Մշակույթի նախարարությունը պետք է զբաղվի սրանով, ոչ թե անտարբեր մնա՝ լավ իմանալով առկա իրավիճակը: Ես, լինելով ազգային երգի կրող ու ներկայացնող, բազմիցս բարձրաձայնել եմ թե՛ այս խնդրի մասին, թե՛ իմ ունեցած խնդիրների, սակայն դրանք լուծում չեն ստացել: Ես իմ տունը դարձրել եմ մշակույթի կենտրոն, բայց այսօր ես տեսնում եմ, թե ինչպես են քանդում մեր մշակույթը»,- նշում է նա:

Վերջինիս խոսքով՝ եթե այդպես լինի, ինքն էլ կսկսի թուրքերեն երգել ու կենտրոնանալ միայն իր և իր կարիքների վրա, բայց, չէ որ դա սխալ է: Ճիշտ է, շատերն այս մասով քայլեր ձեռնարկել են, սակայն արդյունքի չեն հասել:

«Կարծես թե սա ծրագիր է, որով ցանկանում են ոչնչացնել հայ ազգին: Եթե հարցեր ունեն, թող գան իմ տուն ու տեսնեն, թե ինչպիսինն է, ստանան իրենց հարցերի պատասխանները: Խոսքս, իհարկե, չի վերաբերում նվիրյալներին, որոնք իրոք կան ու ամեն բան արել են ազգայինի պահպանման համար: Ցավում եմ, որ այսօր գերակշռող է դարձել նյութապաշտությունը: Այս երկիրը զբաղմունք չէ, որով զբաղվեն, հարստանան, գնան ու միևնույն լինի դրա ապագան: Հիմա տունը` իմ կենտրոնը քանդում են: Հիմա նստած եմ «քաղմասում» ու խոսում Ձեզ հետ այս մասին, բայց ոչ ոք չի արձագանքում: Ով ասում է, թե կարգուկանոն է դնում երկրում, թող գա իմ տուն: Ի վերջո, եթե ես էլ հանցագործ եմ, թող պատժեն: Իրենք գիտեն իրենց ընտանիքներն ու անվտանգությունը պահել, թուրքի կամ ռուսի հետ բարեկամություն անել, ես չգիտե՞մ: Թե ապրելն է խնդիրը, ամեն մեկս թող իր ձևով մտածի, ապրի: Վերջիվերջո, պետք է հասկանալ, որ պետությունն ու ամեն բան այս կյանքում սկսվում է ընտանիքից»,- ընդգծում է Մանուկյանը:

 

Նատալի Մկրտչյան

 

Լրահոս

Դիտել ավելին