Կարևոր իրադարձություններ

Դրամի արժևորումը նվազեցրե՞լ, թե՞ ավելացրել է Հայաստանի պետական պարտքը. պարզաբանում է տնտեսագետը

13 Հունիս, 2023 17:23
Դրամի արժևորումը նվազեցրե՞լ, թե՞ ավելացրել է Հայաստանի պետական պարտքը. պարզաբանում է տնտեսագետը

Հայաստանի պետական պարտքն այսօրվա դրությամբ կազմում է 10 մլրդ 637 մլն դոլար, որը հավասար է 4 տրիլիոն 186 մլն դրամի։ Այս մասով Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է, որ պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին նախատեսվում էր, որ կլինի 58,4 տոկոսի մակարդակին, սակայն այն իջել է՝ հասնելով 46,7 տոկոսի` կարևորելով, որ եթե մենք չեզոքացնենք դրամի արժեզրկման գործոնը, մեր պարտքը կկազմի մոտ 53 տոկոս։

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նկատում է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը, ՀՀ պետպարտքի տոկոսային որոշակի նվազման վրա միայն մեկ գործոն է ազդել՝ դրամի արժևորումը դոլարի նկատմամբ: 2020 թվականի սկզբին դոլարի փոխարժեքը 500 դրամ էր, իսկ այժմ տատանվում է 380-389 դրամի միջակայքում:

«Սա հանգեցրել է նրան, որ ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ աճել է: Այսինքն՝ կարող ենք ասել, որ դրամի արժևորումը դրականորեն է ազդել ՀՆԱ-ի վրա, որն էլ իր հերթին տոկոսային կտրվածքով նվազեցրել է Հայաստանի պետական պարտքը»,- ասում է նա:

Վերջինիս դիտարկմամբ՝ հավանաբար այժմ կա որոշակի հավանականություն, որ դրամը կրկին կարժեզրկվի. դրա համար արդեն իսկ կան որոշակի նախապատճառներ: Պատճառներից մեկն այն է, որ հիմա Հայաստանում խիստ հսկողության տակ են գտնվում ռուսական հաշիվները, դե իսկ մենք լավ գիտենք, որ ՀՀ-ում լրացուցիչ դրամային շրջանառությունը կատարվում է հիմնականում ռելոկացիայի շնորհիվ:

«Երբ Ռուսաստանի վրայից հանվեն բոլոր պատժամիջոցները կամ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի, ապա այն կարող է բերել նրան, որ դոլարը կվերդառնա իր բնականոն փոխարժեքին՝ 470-500 դրամն ընկած միջակայքում: Նկատենք, սակայն, որ այստեղ կա ևս մեկ «բայց»: Հնարավոր է, որ ռուսների մի մասը, միևնույնն է, մնան Հայաստանում կամ ինչ-որ կերպ պահպանեն որոշակի շրջանառություն: Իրականում այստեղ մի շարք գործոններ ևս կան, որոնց մասով էլ հավանաբար Կառավարությունը մտահոգված է. օրինակ, ինչպես պահպանել լրացուցիչ շրջանառությունը: Չմոռանանք, որ Հայաստանում այս մասով շուրջ 250 մլն դոլար է շրջանառվում: Այնուամենայնիվ, լավ կլինի, որ սրա գոնե որոշակի մասը պահպանվի, քանի որ դա էլ իր հերթին նպաստելու է դրամի չարժեզրկվելուն»,- պարզաբանում է տնտեսագետը:

Վերջինիս հստակեցմամբ՝ ՀՀ պետպարտքը միայն հարաբերորեն է արժեզրկվել, ոչ թե որոշակիորեն նվազել: Դոլարային կտրվածքով պարտքը բացարձակ չի նվազել, հակառակը՝ շարունակում է աճել, սակայն սրան զուգահեռ ՀՆԱ-ն էլ դոլարային մասով աճել է, դե իսկ դա էլ չափվում է դրամով: Միայն այս համատեքստում կարող ենք ասել, որ պետական պարտքը տոկոսային առումով նվազել է, սակայն նվազման այլ միտումներ և գործոններ դեռևս չկան:

«ՀՀ ներքին պարտքն էլ դրամային արտահայտությամբ ևս  չի նվազել, այս մասով անգամ հակառակ գործընթացն է նկատվում: Երբ ներքին պարտքը դիտարկում ենք դոլարային արտահայտությամբ, տեսնում ենք, որ այն նույնիսկ որոշ չափով ավելացել է: Այժմ մենք ունենք հարաբերական պատկեր, ոչ բացարձակ: Կարծում եմ՝ պարտքի դանադաղ աճն ու ՀՆԱ-ի արագ աճը կարող են շարունակվել, եթե կտրուկ փոփոխություններ տեղի չունենան, օրինակ, Համաշխարհային տնտեսությունում ակնկալվող ճգնաժամը, որը, ճիշտ է, բացարձակ չէ, սակայն հավանականություն կա, որ կլինի: Հաջորդ կտրուկ փոփոխությունը կարող է լինել ռուսաստանցիների ՀՀ-ում ներկայությունն ու ֆինանսական շրջանառության շարունակությունը: Կարող ենք ասել, որ տնտեսականորեն առկա իրավիճակը կարող է և՛ պահպանվել, և՛ տատանվել:   Այս պահի դրությամբ բացարձակ ոչինչ չկա, քանի որ կան նաև այլ որոշակի գործոններ, որոնք գործում են Հայաստանից անկախ»,- նշում է փորձագետը:

 

Նատալի Մկրտչյան

 

Լրահոս

Դիտել ավելին