Կարևոր իրադարձություններ

Այս տարի ևս օտարերկրյա ներդրումների մասով բարձր ցուցանիշ կունենանք. ինչպիսին կլինի ՀՀ տնտեսությունը 2023-ին. պարզաբանում է մասնագետը

12 Հունիս, 2023 14:15
Այս տարի ևս օտարերկրյա ներդրումների մասով բարձր ցուցանիշ կունենանք. ինչպիսին կլինի ՀՀ տնտեսությունը 2023-ին. պարզաբանում է մասնագետը

Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ»-ի հունիսյան զեկույցի տնտեսական կանխատեսումների համաձայն` 2023-ին Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տնտեսական աճը կկազմի 1,4%։ Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 %, 2024-ին՝ 4.8%, իսկ 2025-ին՝ 5.0%։

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային նորանշանակ տնօրենն էլ վստահեցրել է, որ առաջիկա տարիներին կշարունակեն աջակցել Հայաստանին բարեփոխումների օրակարգն իրականացնելու գործում:

Նշենք նաև, որ ՀՀ-ում նախորդ տարի նկատվել է օտարերկրյա ուղղակի ներդրումների մեծ ներհոսք, որը կազմել է ՀՆԱ-ի 5.1 տոկոսը: Այս մասով Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է, որ բավականին բարձր է նաև կապիտալի կուտակման ցուցանիշը: Այսինքն՝  ՀՀ-ի տնտեսվարողներն իրենք են եկամուտները ներդրել իրենց կապիտալ կարողությունների զարգացման մեջ: Վստահ է՝ առաջին տարիներին կնկատենք այս ներդրումների դրական ազդեցությունը մեր տնտեսության պոտենցիալի վրա:

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նշում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Նարեկ Կարապետյանը, Համաշխարհային բանկը տնտեսական կանխատեսումներին հիմնականում մոտենում է այս կերպ. դիտարկում է երկրի տնտեսական աճի տրենդերը, այսինքն՝ ուշադրություն են դարձնում սույն երկրի վերջին 10 կամ 20 տարվա ընթացքում եղած միջին տնտեսական աճի տեմպերին, որից հետո դիտարկում են համաշխարհային տնտեսության գրանցած ցուցանիշները նույն ժամանակամիջոցում:

«Դիտարկումներից հետո համեմատում են այս երկուսի հարաբերակցությունն ու պրոեկտում ապագայի վրա, այսինքն՝ անում կանխատեսում համաշխարհային տնտեսության համար: Այս նույն մեխանիզմով արվել են  նաև Հայաստանի վերաբերյալ կանխատեսումները, որոնք ոչ այնքան կանխատեսումներ են, այլ որոշակի պրոեկցիաներ՝ ապագայում հնարավոր զարգացումների վերաբերյալ: Կարևոր է հասկանալ, որ այստեղ հաշվի առնված չեն ո՛չ ներքին գործոնները, ո՛չ իրականացվող քաղաքականությունները, ո՛չ էլ այլ գործոններ ու հանգամանքներ, որոնք ուղիղ ազդեցություն են ունենում տնտեսության վրա: Սրանք պարզ պրոեկցիաներ են, որոնք սովորաբար միջազգային կազմակերպությունները տալիս են երկրներին իրենց ապագա զարգացումների վերաբերյալ: Նկատելի է նաև, որ փոքր երկրների պարագայում, ինչպիսին, օրինակ, Հայաստանն է, թվային վերլուծությունները շատ մանրամասն չեն լինում»,- նշում է նա:

Վերջինիս հավաստմամբ՝ Համաշխարհային բանկի համագործակցությունը Հայաստանի հետ բավականին մեծ թափով է ընթացել այսքան ժամանակ: Վերջինս զգալի ծավալի զարգացնող և մեծ վարկեր է տրամադրել ՀՀ-ին:

«Վերջին շրջանում այս մասով եղած պատուհանը մեծամասամբ փակված է, քանի որ մեր երկրի եկամտի մակարդակը բարձրացել է այնքան, որ միջազգային կազմակերխությունները հուշում են գնալ արդեն ֆինանսական շուկաների ներգրավման ուղղությամբ: Համագործակցության մի շարք ծրագրեր էլ զուգահեռ ընթանում են: Կարծում եմ՝ այս մասով ոչ միայն ներկայում, այլև ապագայում ևս խոչընդոտող հանգամանքներ և գործոններ ի հայտ չեն գա»,- ասում է տնտեսագետը:

Կարապետյանի խոսքով՝ ռեկորդային ծավալի օտարերկրյա ներդրումները, որոնք ունեցել ենք վերջին ժամանակահատվածում, զգալիորեն ազդել են նաև մեր երկրի տնտեսական զարգացման վրա: Այս տարի տեղի ունեցող զարգացումներն էլ իրենց հերթին հուշում են, որ նախորդ տարվա ցուցանիշները պահպանվել են:

«Բանն այն է, որ փոխարժեքի վրա արժևորման մասով մինչև այժմ մեծ ճնշում կա, բացի դա, արտաքին աշխարհից դրամական փոխանցումները պահպանվում են, բանկային համակարգի ավանդների աճը ևս: Ընդհանուր առմամբ, այս համատեքստում դրական միտում կա, կարող ենք ասել, որ այս տարի ևս օտարերկրյա ներդրումների մասով բարձր ցուցանիշ կունենանք: Իհարկե, սա էլ իր հերթին տնտեսական աճի վրա էական ազդեցություն ունեցող գործոն է, սակայն այստեղ մի «բայց» կա, որ օտարերկրյա ներդրումների ամբողջական ծավալը չէ, որ ազդում է տնտեսության վրա: Ըստ վիճակագրության՝ ներդրումների կեսը կամ կեսից ավելին իրական հատված են մտել, իսկ մնացածը կա՛մ ֆինանսական կողմում են, կա՛մ դեռևս չեն տեղորոշվել»,- նշում է փորձագետը:

 

Նատալի Մկրտչյան

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին