Կարևոր իրադարձություններ

Օնլայն խանութները չեն նպաստում գործազրկության թվի ավելացմանը. տնտեսագետ

12 Մայիս, 2023 16:28
Օնլայն խանութները չեն նպաստում գործազրկության թվի ավելացմանը. տնտեսագետ

Քովիդ-19 համավարակից ի վեր առցանց գնումների համակարգը շարունակում է մեծ վնաս հասցնել փոքր և միջին բիզնեսին։ Առևտրի մի շարք կենտրոններ մեծ վնասներ են կրում և առաջիկայում հնարավոր է խանութներ փակվեն։ Ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի` այս ամենը կանխատեսելի բիզնես ռիսկ է համարվում։

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նշում է տնտեսագետ Աղասի Թավադյանը, պետք է ճիշտ հասկանալ այս ամենի պատճառահետևանքային կապը, քանի որ քովիդը միայն առցանց գնումների կատալիզատրն էր: Գլոբալ աշխարհն էլ քիչ-քիչ գնում է դեպի առցանց կյանքի, որի արդյունքում սկսում են մեծ տեղ տալ օնլայն շուկային:

«Նման ընկերություններն այսօրվա դրությամբ նաև խոշոր հարկատուների ցանկում են: Մեր համաքաղաքացիներն արդեն տևական ժամանակ է, ինչ սկսել են առցանց գնման համակարգից ավելի հաճախ օգտվել, քան առաջ: Դա էլ իր հերթին համապատասխան ազդեցությունն է ունեցել փոքր և միջին բիզնեսի վրա: Սա, բնական է, քանի որ այն մարդկանց համար ենթադրում է որոշակի հարմարավետություն: Ի վերջո, առցանց խանութի պարագայում ամեն բան մի տեղում է, և հեշտ է գտնել այն, ինչ ուզում ես ու վերջնական ընտրություն կայացնել: Այս պարագայում փոքր և միջին բիզնեսը որոշ չափով տուժում է, սակայն դա միայն մի մասն է ընդհանուր պատկերի, որովհետև տնտեսական փոփոխությունները միշտ էլ լինում են»,- ասում է տնտեսագետը:

Վերջինիս հավաստմամբ՝ ստեղծված իրավիճակը վերջնարդյուքնում չի հանգեցնի նրան, որ ՀՀ-ում գործազրկության թվի աճ գրանցվի:

«Շուկայական հարաբերություններում այսպես է. ինչ-որ մի տեղ մի բան փակվում է, մյուսում՝ բացվում: Ազատ շուկան լայն է, և երբ նման խանութները փակվում են, ու պայմանական երկու հոգի դուրս է գալիս աշխատանքից, ազատ շուկան ցույց է տալիս, որ մեկ այլ տեղում այդ մարդկանց համար աշխատանք կա»,- նկատում է նա:

Թավադյանի դիտարկմամբ՝ եթե որոշակի իրավախախտումներ, կոռուպցիոն ռիսկեր, հարկերի կոծկումներ չկան, ապա չպետք է խառնվել ազատ շուկային:

«Բանն այն է, որ ազատ շուկայի կարգավորումը, չնայած նրան, որ բոլոր խաղաղացողների համար պարզապես մրցակցային է, կարողանում է լինել, այսպես ասած, ինքնակարգավորվող: Կարող են լինել դեպքեր, երբ որոշ կազմակերպություններ կտուժեն, սակայն դա դեռ չի նշանակում, որ այն կարող է ազդել պետության ընդհանուր արդյունքների վրա, քանի որ ավելի հարմար գործունեություն ծավալող ընկերությունները նաև նոր աշխատատեղեր են ստեղծում»,- հավելում է տնտեսագետը:

 

Նատալի Մկրտչյան

 

Լրահոս

Դիտել ավելին