Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է այլընտրանքային կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգի նախագիծը

29 Մարտ, 2023 21:55
Հաստատվել է այլընտրանքային կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգի նախագիծը

ՀՀ կառավարության որոշմամբ այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգը:

Այլընտրանքային ծրագիրը հանրակրթական ծրագրից ուսումնական պլանով, ուսուցման կազմակերպման ձևով և առարկայական ծրագրերով տարբերվող, հանրակրթական պետական չափորոշչի վերջնարդյունքներն ապահովող և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես այլընտրանքային երաշխավորված հանրակրթական ծրագիրն է: Այն տարբերակվում է ըստ տեսակների՝ հեղինակային  (ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հեղինակած որպես հեղինակային երաշխավորված հանրակրթական ծրագիր), փորձարարական  (օրենքով սահմանված կրթական աստիճանի առավելագույն տևողությամբ ներդրված հանրակրթական ծրագիր) և միջազգային կրթական ծրագիր (միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող հանրակրթական ծրագիր):

Կարգի նախագծով հստակեցվել է այլընտրանքային կրթական ծրագրի կիրառելիության համար երաշխավորման մեխանիզմը:Որպես երաշխավորված հանրակրթական ծրագիր՝ այլընտրանքային կրթական ծրագիրը, ենթակա է գործածության  կարգի պահանջներին համապատասխան իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից փորձաքննության ներկայացնելուց,  դրական եզրակացություն ստանալուց և  ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվելուց հետո:

Ծրագրերի փորձաքննությունն իրականացնում է մանկավարժի որակավորում շնորհող բուհը՝ իր մասնագետների, մասնագիտական խմբերի, համապատասխան ստորաբաժանումների (ամբիոններ) մասնագետների և հանրակրթական, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական, գիտահետազոտական կազմակերպությունների գիտաշխատողների ներգրավմամբ:

Փորձաքննության արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն, որն ընդգրկում է փորձաքննության ներկայացված այլընտրանքային կրթական ծրագրի ամբողջական վերլուծությունը: Այն ներառում է փաստարկներ և հիմնավորումներ  ծրագրային նյութի բովանդակությանը և կառուցվածքին ներկայացվող չափանիշներին և ցուցիչներին (գիտականություն, մատչելիություն և մանկավարժական, մեթոդական, լեզվաոճական և այլ բնութագրիչներ) համապատասխանության վերաբերյալ:

Տրամադրված փորձարարական կրթական ծրագիրը ներկայացվում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ)՝ փորձաքննության: 15-օրյա ժամկետում փորձաքննություն իրականացնելու արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն:

Փորձարարական կրթական ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր կրթական աստիճանի համար փորձարարական կրթական ծրագրով ընդունելություն կարող է իրականացվել միայն մեկ անգամ։

Կրթական աստիճանի տևողությամբ փորձարարական կրթական ծրագրի իրականացման ժամանակահատվածում ԿԶՆԱԿ-ը յուրաքանչյուր տարի առնվազն երկու անգամ իրականացնում է մշտադիտարկում՝ ուսուցման կազմակերպման ձևի, բովանդակության, մեթոդաբանության, նպատակաուղղվածության վերաբերյալ:

ԿԶՆԱԿ-ը կրթական ծրագրի ներդրման սահմանված ժամկետի ավարտին ներկայացնում է ամփոփիչ եզրակացություն, որը դրական լինելու դեպքում կարող է փորձարարական ծրագիրը ներկայացվել երաշխավորման՝ ըստ կրթական աստիճանների:

Միջազգային կրթական ծրագիրը ճանաչվում է գործածության ենթակա, եթե առկա է տասը և ավելի օտարերկրյա պետություններում որպես հանրակրթական ծրագիր իրականացվելու մասին հավաստի տեղեկություն կամ միջպետական նախնական համաձայնություն, ինչպես նաև ունի  կարգի պահանջներին համապատասխան դրական եզրակացություն: Փորձագիտական դրական եզրակացության հիման վրա այլընտրանքային կրթական ծրագիրը ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվում է գործածության:

 

Լրահոս

Դիտել ավելին