Հանգստյան օրերին ԱՄՆ Լոս֊Անջելես քաղաքում տեղի ունեցավ Համահայկական երիտասարդական ֆուտբոլային ասոցիցացիայի Pan Armenian Youth Futbol Association - PAYFA կազմակերպած պատանեկական ընտրական մրցույթը և ամփոփման միջոցառումը, որին մասնակցում էին արտերկրում ապրող մեր տասնյակ հայրենակից պատանիներ։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։
«Ասոցիացիայի նախորդ տարվա աշխատանքի արդյունքում գրանցվել են շոշափելի արդյունքներ՝ Հայաստան եկած 8 պատանիներից 3֊ը ընդգրկվել են մինչև 14 տարեկանների Հայաստանի հավաքականի կազմում։ Ընդհանուր առմամբ 12 պատանիներ ընդգրկվել են Հայաստանի հավաքականներում՝ տարբեր տարիքային խմբերում։
Մասնակիցների ոգևորությունը սահման չուներ, տարբեր քաղաքներից հավաքված տասնյակ պատանիներ երազում էին իրենց ավանդն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացմանը։
Միջոցառման ընթացքում պրոֆեսիոնալ մարզչական կազմն ընտրում է լավագույններին և ուղարկում Հայաստան՝ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների ընտրական պրոցեսին և միջազգային մրցաշարերին մասնակցելու համար։
Մինչև ապրիլի ավարտը ևս 6 պատանիներ ԱՄՆ֊ից, Ռուսաստանից և Գերմանիայից, Ասոցիացիայի ջանքերով, կմեկնեն Հայաստան` մասնակցելու հավաքների և միջազգային մրցաշարերի։
Միջոցառումներն անց են կացվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ։
Երեկոյին իրենց տեսաուղերձներն էին ուղարկել նաև Աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը, Հենրիխ Մխիթարյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, մասնակցում էր Ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը Yura Movsisyan , ՍԱԴԱ սիստեմս ընկերության նախագահ Հովիգ Սաֆոյանը Hovig Safoian, Arpinet LLC ընկերության գործադիր տնօրեն Արմեն Մուրադյանը, ձեռներեցներ, հայկական ֆուտբոլի զարգացման մեջ ավանդ ունեցող մարզիչներ, ֆուտբոլիստներ, ֆուտբոլասերներ։
ԱՄՆ կարճատև այցի ընթացքում հանդիպումներ եմ ունեցել նաև The Armenian Society of fellows(ASOF.am) խորհրդի անդամների, գիտնականների և ձեռներեցների հետ, քննարկել ենք Հայաստանի գիտա֊տեխնոլոգիական զարգացման հեռանկարը։
Տեղի են ունեցել հանդիպումներ նաև Լոս֊Անջելեսի քաղաքայի խորհուրդի ղեկավար Փոլ Կրեկորյանի, համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ»,-գրել է Արշակյանը: