Հերթական անգամ մեկնարկում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի` արդեն ավանդույթ դարձած երկամսյակը՝ հարուստ մշակութային ու կրթական ծրագրերով: Երկու ամիսների ընթացքում Երևանում և մարզերում տեղի են ունենալու ֆրանսերեն լեզվին և ֆրանկոֆոն մշակույթին նվիրված շուրջ յոթ հարյուր միջոցառումներ։ Սա հերթական առիթն է Հայաստանի համար՝ վերահաստատելու իր նվիրվածությունը Ֆրանկոֆոնիայի արժեքներին և սկզբունքներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։
Լինելով լայնածավալ ֆրանկոֆոն տարածքի մի փոքր մասնիկը՝ Հայաստանը նախորդ տասնամյակների ընթացքում վերահաստատել է իր արժեհամակարգային և լեզվամշակութային անքակտելի կապը Ֆրանկոֆոնիայի հետ։ Դրա մասին են վկայում նախորդ տարիների նշանակալից ձեռքբերումները՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունից մինչև Երևանում 2018-ին կազմակերպության գագաթաժողովի կազմակերպումը և ՖՄԿ նախագահության՝ չորս տարով ստանձնումը։
Նախորդ տարվա նոյեմբերին Թունիսի Ջերբա քաղաքում կայացած Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթաժողովի ընթացքում Հայաստանը հաջողությամբ ամփոփեց կազմակերպությունում իր քառամյա նախագահությունը՝ փոխանցելով այդ կարևոր հանձնառությունը Թունիսին: Գագաթնաժողովի արդյունքում ընդունված Ջերբայի հռչակագրում արտացոլվեցին մի շարք կարևորագույն դիրքորոշումներ՝ այդ թվում նաև մեր տարածաշրջանին վերաբերող խնդիրների շուրջ՝ ընդգծելով Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների ու կառավարությունների համերաշխությունը Հայաստանին այն անվտանգային մարտահրավերների համատեքստում, որոնց նա առերեսվում է:
Հայաստանի նախագահության՝ իրադարձություններով հարուստ չորս տարիների ընթացքում մեր երկիրը պատվով և մեծ խանդավառությամբ է առաջ մղել Ֆրանկոֆոնիայի արժեքները՝ ի նպաստ մշակութային բազմազանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների խրախուսման։ Մենք շարունակելու ենք վճռականորեն ջանքեր ներդնել այդ ուղղությամբ և մեր նպաստը բերել Ֆրանկոֆոնիայի արժեքների ու գաղափարների տարածմանը։
Այս տարի նույնպես Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը կմեկնարկի Ֆրանկոֆոնիայի ավանդական երկամսյակը՝ հարուստ մշակութային, թատերական, գեղարվեստական և կրթական միջոցառումներով, որոնք կմոբիլիզացնեն Հայաստանի բոլոր առանցքային ֆրանկոֆոն դերակատարներին մայրաքաղաք Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆրանկոֆոնիայի օրերի հաջողության հարցում մեծ է մեր գործընկերների՝ այդ թվում՝ Երևանում հավատարմագրված ֆրանկոֆոն պետությունների դեսպանությունների դերակատարությունը և ակտիվ ներգրավվածությունը։
Առանձնահատուկ հիշատակման կարիք ունեն ֆրանկոֆոն կրթական հաստատությունները և հասարակական կազմակերպությունները, որոնք Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շարժիչ ուժերից են։
Նշվածի համատեքստում կցանկանայի ողջունել այս տարի նոր ֆրանկոֆոն խոշոր դերակատարի՝ Ֆրանսիական ինստիտուտի մուտքը Հայաստան և ակտիվ ներգրավվածությունը երկամսյակի միջոցառումների կյանքի կոչման հարցում։ Հուսով եմ, որ ֆրանկոֆոն նոր դերակատարների հոսքը Հայաստան շարունակական կլինի՝ խթան հանդիսանալով ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի նկատմամբ հետաքրքրության աճի համար։
Ամփոփելով՝ ցանկանում եմ բարեհաջող ընթացք մաղթել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2023 թվականի երկամսյակին և այս կապակցությամբ շնորհավորել Հայաստանի ֆրանկոֆոն համայնքին՝ այս մշակութային տոնի կապակցությամբ։